Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական կապերն Իսրայելի հետ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական կապերն Իսրայելի հետ, եթե Միացյալ Նահանգները պաշտոնապես Երուսաղեմը ճանաչի որպես այդ երկրի մայրաքաղաք: «Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար»,- այսօր հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Ուզում եմ վերահաստատել իմ վրդովմունքը ԱՄՆ-ից ստացվող հաղորդումների հետ կապված, ըստ որոնց՝ Վաշինգտոնը պատրաստվում է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Հորդորում ենք Վաշինգտոնին նման բան չանել, հակառակ դեպքում մենք Ստամբուլում Իսլամական համագործակցության երկրների հավաք կհրավիրենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Ամերիկյան կողմը չի բացառում, որ նախագահ Թրամփն արդեն վաղը կարող է հայտարարություն տարածել այս զգայուն հարցի վերաբերյալ: Նախընտրական շրջանում նա բազմիցս է հայտարարել, որ Սպիտակ տուն գալով՝ Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ է տեղափոխելու: Հիսուն տարի առաջ Իսրայելը բռնակցել է Երուսաղեմը և այն հռչակել մայրաքաղաք, ինչը միջազգային հանրությունը հրաժարվում է ընդունել: Պաղեստինցիները Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: