Էրդողանը բարկացել է վարչապետ Բինալի Յըլդըրըմի վրա ԱՄՆ-ում անցկացրած անարդյունավետ բանակցությունների համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարկացել է վարչապետ Բինալի Յըլդըրըմի վրա՝ ԱՄՆ-ում անցկացրած անարդյունավետ բանակցությունների համար, գրում է թուրքական «Յենիչաղ» պարբերականի հոդվածագիր Ահմեդ Թաքանը:
Ըստ տարածված լուրերի՝ Յըլդըրըմի որոշ խոսքեր հակասել են Էրդողանի հռետորաբանությանը, մասնավորապես, երբ վարչապետն ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկումներում Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալության մասին խոսելիս շեշտել է, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Թուրքիան իրավական պետություններ են: Մինչդեռ Էրդողանն անընդհատ պնդում է, որ հեղաշրջման փորձի կազմակերպիչ Ֆեթուլլահ Գյուլենին չարտահանձնելով՝ ԱՄՆ-ն իրեն իրավական պետության պես չի պահում:
Բացի այդ՝ իշխող կուսակցության անդամների շրջանում խոսվում է, թե Էրդողանը խիստ անարդյունավետ է գնահատել Յըլդըրըմի ճանապարհորդությունն ու վարչապետի՝ Թուրքիա վերադառնալուն պես ամբողջ բարկությունը թափել է նրա վրա:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության ձերբակալված աշխատակցի համար ազատություն պահանջող ամերիկյան իշխանությունները նախ պետք է իրենց արտահանձնեն Գյուլենին: