Բենզինի գները Ռուսաստանում ռեկորդային ցուցանիշների են հասել
Ռուսաստանում բենզինի շուկայական արժեքն արդեն հասնում է ռեկորդային ցուցանիշների, փոխանցում է Коммерсант-ն ու որակում այս փաստը պատմական:
Միայն նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում АИ-95 տեսակի մեծածախ արժեքը աճել է 1,7 տոկոսով` մինչեւ 44,99 հազար ռուբլի 1 տոննայի համար, իսկ АИ-92 տեսակը` 2,3 տոկոսով` մինչեւ 42,82 հազար ռուբլու մեկ տոննայի համար;
Թերթի փոխանցմամբ, գների նմանօրինակ աճը բացառիկ ցուցանիշ է Ռուսաստանի համար, քանի որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար բենզինի մեծածախ վաճառքի գները զգալի անկում են ապրում: Բենզինի գների բարձրացումը հարվածում է հասարակության գերակշիռ մասի գրպանին, քանի որ թանկանում է մեքենայի վառելիքը:
Գների կտրուկ աճի պատճառներից մեկը Մոսկվայի «Գազպրոմի» նավթավերամշակման գործարանի կատալիտիկ խառնարանի անսպասելի անսարքությունն է եղել: Հենց գործարանի պատասխանատուները, սակայն, հավաստում են, որ աշխատանքը կասեցվել է ըստ պլանի, թերթն էլ իր հերթին, ուսումնասիրելով աշխատանքային պլանը, գտել է, որ աշխատանքի կասեցումը չկա նշված պլանի ոչ մի կետում:«Գազպրոմ-նավթ»-ը խոստանում է վերագործարկել կատալիտիկ խառնարանի աշխատանքը նոյեմբերի կեսերին: Այլ աղբյուրներ էլ հայտնում են, որ «Գազպրոմ-նավթ»-ը պատրաստվում է բենզին գնել «Ռուսնավթ»-ից: