Գյումրին՝ Նյու Վասյուկի կամ Իլֆն ու Պետրովը կնախանձեին ՀՀԿ-ին
2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Կիսանախագահական հանրապետությունից Հայաստանը անցում կատարեց՝ խորհրդարանականի:
Գյումրեցիների ճնշող մեծամասնությունը վստահ է, որ վարչախումբը առավել նպատակահարմար գտավ փոխել մի ամբողջ Սահմանադրություն, բացառապես ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի վերարտադրությունն ապահովելու համար:
Վերադառնանք ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի խոստումներին: Հանրաքվեից առաջ գյումրեցիներին իր կողմը գրավելու համար նա կրկին անցավ խոստումներին: Այս անգամվա խոստումները գիտաֆանտաստիկայի ոլորտից էին:
Սարգսյանը, լավատեղյակ լինելով Գյումրու եւ գյումրեցիների բացասական դիրքորոշման մասին. Հանրաքվեից երկու օր առաջ խոսեց Գյումրին զարգացած եւ ծաղկուն քաղաք դարձնելու մասին:
2015 թվականի դեկտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո, «պատմական» հանդիպում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ: Սարգսյանը «մտահոգվեց»՝ առ այսօր ինչո՞ւ չի լուծվում Գյումրու փողոցաշինության հարցը: Որոշվեց, որ այդ նպատակով 23.5 միլիոն եվրո է տրամադրվելու:
«Ինչու՞ Գյումրին վերջնական բարեկարգ տեսք չի ստանում, չնայած վերջին տարիներին, այդ թվում նաեւ Ձեր քաղաքապետ ընտրվելուց հետո, մենք՝ մեր Հանրապետության չափանիշներին համապատասխան, մեծ գումարներ ենք տրամադրել Գյումրիի ենթակառուցվածքների զարգացմանը: Այս առումով, կարծում եմ, որ անհրաժեշտ է եւ ես արդեն համապատասխան ցուցում տվել եմ ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: Եթե քաղաքային իշխանությունները, Դուք, հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ եւ մինչև վերջին դրամը կօգտագործվեն Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը: Շատ կարճ ժամանակ հետո պետք է ձեւավորել ծրագրի իրականացման գրասենյակ, եւ այդ աշխատանքներն ավարտել: Սկսել եւ ավարտել այն հաշվով, որպեսզի, երբ մենք 2018թ. ավարտենք Երեւան-Գյումրի ճանապարհի աշխատանքները, Գյումրիում եւս լինի բարեկարգ վիճակ»,- հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը այլ ելք չուներ, քան ընտրություններից մի քանի ժամ առաջ նման հայտարարություն անելը: «Մտահոգ» նախագահը այլ ելք չթողեց նաեւ քաղաքապետին՝ հորդորեց հանդիպումից անմիջապես հետո՝ եկող երկուշաբթի, սկսել Գյումրու փողոցների վերականգնման աշխատանքները:
Այս խոստումը Սերժ Սարգսյանի մակարդակով հերթական ծաղրանքն էր գյումրեցիներին: 23.5 միլիոն եվրոն ոչ պետական բյուջեից էր հատկացվելու, եւ ոչ էլ Սարգսյանն էր իր անձնական միջոցներից տրամադրելու: Նշյալ գումարը, վարկադրամաշնորհային հիմունքներով, տրամադրվելու էր Հայաստանի Հանրապետությանը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից: Նշյալ կառույցը այդ ֆինանսավորումը տրամադրելու մասին իր վերջնական որոշումը կայացրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունից հինգ ամիս հետո միայն:
Մի կողմ թողնենք այն սեղմ ժամանակացույցը, ըստ որի Սերժ Սարգսյանը խոստանում էր բարեկարգված եւ լուսավորված տեսնել Գյումրու փողոցները: Բավարար էր միայն այս փաստը, որ դեռ վարկային ծրագիրը չհաստատված, Սերժ Սարգսյանը խոստում էր տալիս՝ ձայներ կորզելու նպատակով, իսկ այդ հանդիպումը թատերական բեմում պետք է լիներ:
Սահմանադրական հանրաքվեն կայացավ, Գյումրիում Սերժ Սարգսյանը պարտվեց, բայց փոփոխությունները տեղի չունեցան, իսկ 23.5 միլիոն վարկը այդպես էլ Գյումրի չհասավ: Գյումրեցին այժմ էլ շարունակում է քայլել ցեխաջրերով, փոշով, աղբով պատված ու չլուսավորված փողոցներով:
Նշենք, որ ըստ ծրագրի, Գյումրին ունենալու է բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց՝ անվտանգ երթեւեկության կազմակերպման համար:
Սերժ Սարգսյանի խոստացված երկուշաբթին այդպես էլ չեկավ: Վարկը շահարկելի դարձավ՝ ՀՀԿ-ի 2015 թվականի հանրաքվեի, 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում եւ շահարկվում է այժմ՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում:
Մինչ փողոցաշինության լայնամասշտաբ այդ աշխատանքները կսկսվեն, որի ժամանակացույցը, ի դեպ, շարունակում է անհայտ մնալ, Սերժ Սարգսյանին հիշեցնենք, որ Գյումրիում այս պահին առկա է 103 կմ երկարություն ունեցող ցեխապատ փողոց:
Շարունակելի
սկիզբը այստեղ
Դավիթ Գասպարյան