Քաղաքական դաշտի դերասանները
Ցավոք, հին ավանդույթները շարունակվում են: Կրկին որոշ դաշինքներ եւ կուսակցություններ իրենց հիմնական թիրախը ոչ թե ընտրել են գործող իշխանություններին, այլ Բաղրամյան 26-ից դուրս գտնվող ուժերին:
Այսօր «Ելք» դաշինքի միջոցառումներ: Թվում էր, թե պետք է կանգ առնեն իրենց դաշինքի գործերի վրա, բայց ստացվեց, որ հիմնական նպատակը երեկ ստորագրված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ խոսելն էր:
Գործը հասավ նրան, որ անգամ լրագրողներից մեկը նկատեց, թե փաստորեն «Ելքն» իր գործունեությունը սկսում է այլ ուժին փնովելով:
Իսկապես, այս ամենը շատ տխուր է, բայց արդեն իսկ պարզ է, թե դեռ պաշտոնական ընտրարշավը չսկսած որ ուժի վրա Բաղրամյան 26-ը ինչ խնդիր է դրել:
Սա ունի իր դրական կողմը. Ընտրողը շատ շուտ կհասկանա, թե որ քաղաքական ուժն է խնդիր դրել փոխել մեր երկրի գաղջ մթնոլորտը:
Իսկ հիմա այնքան արագ են զարգանում իրադարձությունները, որ իշխանությունները ստիպված շուտ բացահայտեցին իրենց դաշնակից ուժերին: Արդեն իսկ պարզ է, թե ինչու ստեղծվեց «Ելք» դաշինքը։ Եւ վերջապես, այլ սպասելիքներ չէին էլ կարող լինել, երբ պարզ դարձավ, որ առաջնորդներից մեկը Արամ Զ. Սարգսյանն է:
Իհարկե, «Ելքում» բազմաթիվ ազնիվ երիտասարդներ կան, որոնք չեն հասկանում, տեղյակ չեն, թե իրականում ինչ է կատարվում, բայց վստահ ենք, որ նրանք շատ արագ ճիշտ հետեւություններ կանեն: Իսկ ամենագլխավոր հուշումն իրենց համար այն է, որ իսկական ընդդիմադիր ուժը իշխանական դաշտից գտնվող որեւէ ուժի դեմ չպետք է պայքարի:
Եւ ամենակարեւորը՝ որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին դատավորի, արբիտրի պաշտոն չի տվել, որ նա որոշի, թե ով է ընդդիմադիր, ով՝ ոչ, ով մեղավոր, ով՝ ոչ: Այս կեցվածքը միայն հեգնական ժպիտ է առաջացնում եւ նաեւ համոզում, թե «Ելքի» վրա ինչ դերակատարում է դրված:
Վարդան Մխիթարյան