«Դու կարում չես, տղամարդկություն ունեցիր, հրաժարական տուր». արցախցին՝ Արայիկ Հարությունյանին
Արցախի ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ դուրս եկած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին սուլել են իր ելույթի ժամանակ:
Արայիկ Հարությունյանը խոստացել է, որ բքոլոր որոշումները միասին են կայացնելու: Ներկաներից մեկը բղավել է. «Դուք կարում չեք, ի վիճակի չեք, բոլ ա, հանգիստ թող մեզ, առանց քեզ ավելի լավ ա ստացվելու: Դու կարում չես, տղամարդկություն ունեցիր, հրաժարական տուր»:
Նշենք, որ Արայիկ Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է,. որ քննարկվել է 3 հարց` անցակետից երեկ առևանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրը` ճանապարհի բացման անհրաժեշտությունն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը։
«Սով, ամեն ինչի պակաս, մահվան ամեն 3-րդ դեպք թերսնման հետևանքով է, մեր հղիները կորցնում են իրենց չծնված երեխաներին։ Ինչի՞ ենք ուշացել, դուք կարող եք վիրավորել ինձ, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին` գերտերություններին, ՄԱԿ-ին»,- ասել է Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ 6 ժամ տևած քննարկման արդյունքում միասնական որոշման հասնել չեն կարողացել, բայց ինքը, որպես նախագահ, պետք է տեղեկացնի, որ մի քանի օրում հացի խնդիրը լուծվելու է։
«Այսօր քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Հարությունյանը։