Վիգեն Սարգսյանը՝ «Ելք»-ին. Փառք եմ տալիս Աստծուն, որ այդպիսի մտածելակերպով դուք փոքրամասնություն եք (Տեսանյութ)
Ազգային ժողովի որոշ պատգամավորներ փորձեցին պրիմիտիվացնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այս օրենքը փորձեցին պրիմիտիվացնել՝ նեղացնելով տարկետման վերացման հարցը: Այս օրինագիծը լուծում կտա տասնամյակների ընթացքում լուծում չգտած հարցերին. այն տալիս է սոցիալական պաշտպանվածության լուրջ երաշխիքներ, ես միտումնավոր առաջարկել եմ օրենքով պաշտպանության նախարարին մի շարք լիազորություններ բարձրացնել կառավարության մակարդակի»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս օրենքը լուծում է Հայաստանի ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտի խնդիրները:
«Ցավում եմ, որ «Ելք» խմբակցությունը չգնահատեց իրեն մեկնած ձեռքը եւ չփորձեց կոնստրուկտիվ փոխգործակցության դաշտում լուծել երկրի համար առանցքային նշանակության, ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտի խնդիրները: Դեստրուկտիվ ոճի ջատագովները չցանկացան ըմբռնել, որ առաջարկվող լուծումներն անհամեմատ ավելի լավն են, քան հնարավոր բազմաթիվ տարբերակներ: Ես փառք եմ տալիս Աստծուն, որ այդպիսի մտածելակերպով դուք փոքրամասնություն եք, ոչ թե մեծամասնություն»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանը «Ելք» պատգամավորներին խորհուրդ տվեց մնալ կոռեկտության սահմանում:
«Ցավում եմ, որ պարոն Մարուքյանն այստեղ չէր, անընդհատ իմ, պարոն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում, կուզեի հարցնել՝ իրենք կոմֆորտ են զգո՞ւմ իրենց այս քննարկումների մեջ, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքներից: Հասկանում եմ պարոն Միրզոյան, որ դուք ձեզ մեծ գիտնական եք համարում՝ 26 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, բայց զարմանում եմ, թե ինչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելով, ո՞ր ձեր արածի համար, որ հիմա էլ այս ամբիոնից մեղադրում եք ծառայել- չծառայելու մեջ: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել՝ ո՞նց ա եղել, որ ծառայելուն զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել, երեկվա իր բառապաշարն օգտագործելով, ուզում եմ հարցնել, էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով ա էդ արտոնությունը ստացել, ինչի՞ ա կարծում, որ ինքը դա արել ա, իսկ ուսանողը չի կարա անի, վերին արտի ցորեն ա՞»,-ասաց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am