Կարծես խնդիր են դրել սարսափեցնել եւ խուճապ առաջացնել
Այնպիսի տպավորություն է, որ ոմանք ռազմաճակատի գծից հեռու նստած երազում են ռազմաճակատի գծում լարվածության աճի եւ ռազմական գործողությունների վերսկսման մասին, որ իրենց լրատվամիջոցի դիտումների թիվն աճի: Եւ եթե նման նպատակ չեն հետապնդում, ստացվում է, որ կանխամտածված խուճապ եւ վախ են տարածում:
Տեղի է ունենում Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի մամուլի ասուլիսը: Նա անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հոկտեմբերի 22-ին եւ 23-ին «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռի կիրառմանն ասում է, թե մեկ շաբաթ առաջվա իրավիճակի հետ համեմատ՝ հիմա որոշակի լարվածություն կա:
Նա նաեւ ասում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ եթե հետագայում նման հարվածներ լինեն, պատասխան լինելու է: Դեռեւս կարծում ենք, որ «ՍՊԱՅԿ»-ին պատասխանելու անհրաժեշտություն չկա: Առաջիկա օրերին մենք հանդիպելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ եւ քննարկելու ենք ստեղծված իրավիճակը»:
Եւ այս ամենը լսելուց հետո որոշ լրատվամիջոցներ ասուլիսի մասին պատմող նյուը վերնագրում են. «Հնարավոր է՝ աստիճանաբար լարվածության աճ լինի. Լեւոն Մնացականյանը՝ շփման գծում իրավիճակի մասին»:
Եւ հետաքրքիր է, թե որքան պետք է շարունակվի այս անպատասխանատու մոտեցումը: Վերջապես երբ պետք է ոմանք հանուն իրենց նեղ անձնական շահերի խուճապ եւ սարսափ չտարածեն, հասկանալով, որ սենսացիայի համար դրված վերնագիրը առնվազն կարող է խուճապ առաջացնել նրանց մոտ, ովքեր բանակում հայր ու որդի ունեն կամ ապրում են ռազմաճակատին հարող բնակավայրերում:
Top-News.am