Ում բանակն է մեր բանակը
Սկսվել են բանակից ակադեմիական տարկետման վերացման առաջարկի դեմ բողոքները: Սցենարն ու ասելիքը նույնն է՝ ստորագրահավաք, միտինգ, վտանգվում է գիտությունը, խթանվում է արտագաղթը։ Մենք սա մի քանի անգամ արդեն տեսել ենք։ Ուղղակի հիմա մթնոլորտն ու պայմաններն այլ են։ Մեծ հաշվով, անվճար համակարգին տրվող տարկետման իրավունքը արդեն շատ փոքր տոկոս է կազմում եւ խնդիրն ըստ էության տարիների ընթացքում կորցել է իր սրությունը։
Սա մեր չկայացած հասարակության ծանր հիվանդություններից մեկն է: Գաղտնիք չէ, որ բանակից տարկետումը չափազանց ընտրովի է իրականացվում, եւ հաշված թվով երիտասարդներ են ուսումը շարունակելու տարկետում ստանում, ինչն էլ որոշակի ռիսկեր է պարունակում՝ կոռուպցիոն, ընտրովի եւ այլն:
Իսկապես, հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է մեկ կամ երկու միավոր պակաս ստացած երիտասարդը մեկնի զինվորական ծառայության, իսկ ինչ-ինչ պատճառներով կամ բախտի քմահաճույքով ավելի ստացածը ազատվի հայրենիքին ծառայություն մատուցելու պարտականությունից:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարյուր տարկետում ստացածից միայն տասնվեցն է հետո մեկնում զինվորական ծառայության: Ստացվում է, որ տարկետումն ուղիղ ճանապարհ է զիծառայությունից խուսափելու համար: Պետք է նաեւ նայել մեկ այլ վիճակագրություն։ Գիտությամբ զբաղվելու պատրվակով բանակ չգնացողներից քանիսն են իսկապես զբաղվում գիտությամբ եւ հաջողում այդ գործում։ Եվ հակառակը՝ մենք ունենք ծառայությունից վերադարձած եւ հաջողությամբ գիտությամբ զբաղվող եւ գիտատար բնագավառներում հաջողածների վիճակագրություն եւս։
Ասում են, թե տարկետման վերացումը կարող է խթանել արտագաղթին: Մնում է ասել, որ եթե երիտասարդը սովորում է միայն բանակ չգնալու համար, ապա ավելի լավ է արտագաղթի, իսկ եթե հուզականությունը մի կողմ դնենք, ապա արտագաղթին նպաստում են շատ այլ գործոններ, որոնք որեւէ կապ չունեն բանակի հետ։ Ի դեպ, եթե ծառայության խնդիրը նպաստում է արտագաղթին, ապա Աստված մի արասցե, սահմանի անվտանգության ձախողումը, բերելու է բնակչության էվակուացիային՝ երկրից։
Տարկետման իրավունքի վերացումը կնպաստի արդարության վերականգնմանը։ Ավելին, բանակը պետք է դառնա գիտության, կրթության շարժիչ ուժերից մեկը: Բանակը կարող է դառնալ կրթության եւ գիտության դարբնոց։
Իսկ նրանք, ովքեր Երեւանի սրճարաններում գիտության քողի տակ վայելում են այն կյանքը, որն իրենց համար ապահովում են իրենց տարեկիցները խրամատներում կանգնած, ապահովում են նրանց խաղաղությունը եւ անդորրը, պայքարում են ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ պարզապես բանակ չգնալու համար: Իզուր տեղը չխաբենք մեզ, հանգիստ թողնենք Հայաստանի կիսամեռ գիտությանը։
Եւ եթե պնդում են, թե բանակից հետո քչերն են շարունակում ուսումը, ապա դա եւս մեկ անգամ վկայում է, որ նրանք ովքեր ուզում էին տարկետում ստանալ եւ չեն ստացել, պարզապես ուզում էին խուսափել ծառայությունից:
Խմբագրական
Top-News.am