Ես գրել եմ՝ боевая готовность N1․ Օհանյանը՝ իր հնարավոր ձերբակալության մասին
Այդ հարցերը պետք է տալ դատական, դատաիրավական մարմիններին, որոնք այդ արտահոսքը միգուցե տվել են. ես տեղեկություն չունեմ, որ իմ նկատմամբ կարող են ինչ-որ վարույթ սկսել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե հնարավոր է մոտ ժամանակներս գլխավոր դատախազը մտնի ԱԺ եւ անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսվի իր, Վահե Հակոբյանի, Արմեն Չարչյանի նկատմամբ, նաեւ խոսվում է իրեն ձերբակալելու մասին:
«Վերջին ժամանակներս որեւէ գործով չեմ հարձաքննվել, որտեղ ինձ կզգուշացնեին, որ այդպիսի վտանգ կա, խնդիր կա: Ես տաբեր գործընթացներում որպես վկա գնում ներկայացնում եմ՝ ինչ է կատարվել իմ ղեկավարած գերատեսչության ժամանակ: Երբեւեէ չի եղել, որ հրավիրել են որեւէ գործընթացի, եւ ես չեմ ներկայացել: Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը, ես երեւիցե անձեռնմխելիության քողի տակ չեմ թաքնվել: Այդ առումով ես մտահոգություն չունեմ: Այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատալի է, որ կարող են թատրոններ լինել: Ի՞նչ է, վերջին ժամանակներում մենք չենք տեսնում քաղաքական հետապնդումներ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանին ձերբակալելու փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին, Սեյրան Օհանյանն ասաց. «Դա անձնական գրառում է: Ես վախեցող անձնավորություն չեմ, իմ ընտանիքն էլ, մենք պատրաստ ենք ամեն ինչի: Դրա համար ես գրել եմ՝ «боевая готовность N1»: