Թշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան, քանի լինելով խաղաղություն են մուրալու. Գեղամ Մանուկյան
Այսպես են շարունակելու «խաղաղություն» բերել, երբ համոզում էին՝ Արցախից հրաժարվելով, այնտեղ զինվոր չուղարկելով կարող են հանգիստ ապրել, փոխարենը ստանում էին թշնամու առաջխաղացում տարբեր հատվածներում, վրանում հայ զինվորի սպանություն, անպաշտպան սահման ու անմարդկային պայմաններ առաջնագծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Արցախի Հանրապետության սահմաններին տիրող մի քանի օրվա լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունը շտապեց կատարել ադրբեջանական պահանջն, ու նախօրեին հապշտապ Երեւան տեղափոխվեցին ԱՀ ՊԲ-ում դեռ ծառայության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները։ Տեղափոխել են ցուցադրաբար, շարասյունով, որ, երեւի, դրանով ադրբեջանցիներին զեկուցեն պահանջի կատարման մասին։ Ի դեպ, հատուկ կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այդ զինվորներին։ Նրանք քաջ էին, նվիրյալ, հայրենասեր, քանի որ 44-օյա պատերազմից հետո, երբ իշխանությունների թողտվությամբ ու մասնակցությամբ շատերը չշարունակեցին իրենց ծառայությունը Արցախի Պաշտպանության Բանակում, նրանք մնացին, չլքեցին իրենց ծառայակիցներին։ Որոշներին այս ամիսներին հանդիպել եմ հենց մարտական դիրքերում, մարտական հերթապահություն իրականացնելիս։