Սահակաշվիլիի որդին hոր վերադարձը Վրաստան «շատ մեծ սխալ է» անվանել
Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը Վրաստան «շատ մեծ սխալ էր», ասել է նախկին նախագահի որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին։
Միխեիլ Սահակաշվիլին գաղտնի Վրաստան էր վերադարձել 2021-ի աշնանը կայանալիք մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ, որից հետո նրան կալանավորել եւ բանտարկել էին։ Նախկին նախագահի առողջական վիճակը երկու հացադուլից հետո կտրուկ վատացել է։ Ավելի քան երկու ամիս Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայի հսկողության տակ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Նա վերադարձավ, եւ մենք ստացանք այն աղետալի վիճակը, որը ստացանք: Ինչպես ասացի, դա շատ մեծ սխալ էր»,- ասել է նա «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Էդուարդ Սահակաշվիլին ընդգծել է նախկին նախագահի առողջության հետ կապված հարցերը «ապաքաղաքականացնելու» անհրաժեշտությունը։ Ընդ որում, նա նշել է, որ վերջին շրջանում իր հայրը «քիչ է գրում քաղաքականության մասին եւ այլեւս շատ չի խառնվում» գործընթացներին Վրաստանում։
«Նրա դերը վրացական քաղաքականության մեջ ապագայի համար անհասկանալի է, ես չգիտեմ, թե ուրիշ ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի նա վերադառնա կառավարություն կամ նման մի բան: Ինձ համար մի փոքր դժվար է պատկերացնել, եւ կարծում եմ, որ ինքն էլ է դա հասկանում։ Երբ ես այցելում եմ հորս, նա միայն ուկրաինական հեռուստատեսություն է դիտում, կարծում եմ՝ հասկանում է, որ այնտեղ կարող է ավելի լավ ապագա ունենալ, քան այստեղ»,- հավելել է նա։
Նախկին նախագահի 27-ամյա որդին մշտապես բնակվում է արտերկրում։ Նրա խոսքով՝ Վրաստանում անցկացրած շաբաթվա ընթացքում տպավորություն է ստեղծվել, որ մարդիկ Սաակաշվիլիին որպես «ապագայի առաջնորդ» չեն ընկալում։
«Մայրիկիս հետ մի փոքր շրջեցին Վրաստանով։ Փողոցում եթե ինձ ճանաչում են, հարցնում են՝ Միշան ինչպե՞ս է։ Ես զգում եմ, որ հասարակության մեջ մեծ հետաքրքրություն կա հորս առողջական վիճակի վերաբերյալ։ Սակայն տոնի մեջ նկատում եմ, որ նրանցից շատերի համար հայրս ապագայի ինչ-որ առաջնորդ կամ նման բան չէ»,- ասել է Սաակշվիլի կրտսերը։
Նախկին նախագահը Վրաստանում վեց տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Սանդրո Գիրգվլիանիի մահվան աղմկահարույց գործով եւ նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Դատավճիռները հեռակա են կայացվել, երբ Սահակաշվիլին Վրաստանում չէր։