Հարյուրավոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել. Բալիում հրաբխի ժայթքումն անխուսափելի է
Ինդոնեզիայի Բալի կղզու Ագունգ հրաբխի ժայթքումն անխուսափելի է: Ինչպես հայտնել են երկրի իշխանությունները, հրաբխային ակտիվությունը հասել է ծայրահեղ փուլի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, իշխանություններն ընդգծում են, որ անհնար է կանխատեսել հրաբխի ժայթքման հստակ ժամանակը: Անցյալ շաբաթվա վերջին Բալիում ժայթքման վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարվել:
Նշվում է, որ երկուշաբթի հրաբխի շրջանում հարյուրավոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Ավելի քան 57 000 բնակիչ տարհանվել է վտանգի տակ գտնվող տարածաշրջանից:
Ինդոնեզիայի Տարերային աղետների հետևանքների վերացմանն ուղղված ազգային գործակալության տվյալներով՝ հրաբխային ակտիվությունը աճում է, սեյսմիկ ցնցումները հաճախանում են: