Հենց սկսենք պատժամիջոցներ կիրառել՝ նրանք անգամ ուտելու բան չեն գտնի. Էրդողանը՝ Իրաքյան Քուրդիստանի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քուրդիստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը, գրում է t24.com.tr կայքը:
«Նրանք անգամ ուտելու բան չեն գտնելու այդ ժամանակ: Տեսնենք՝ Իսրայելն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով է նրանց ինչ-որ բան ուղարկելու», - ասել է Էրդողանը:
Ըստ նրա՝ Թուրքիան ստիպված է դիմել պատժամիջոցներին։ Բացի տնտեսական պատժամիջոցներից, Էրդողանի համաձայն, օրակարգում է նաև ռազմական միջամտությունը, թեև վերջինի հարցում իրենք հույս ունեն, որ Իրաքյան Քուրդիստանը «խելքի կգա», և ուժի կիրառման կարիք չի լինի:
«Անկեղծ ասած՝ մենք մինչև վերջին պահը հույս ունեինք, որ (Մասուդ) Բարզանին կհրաժարվի նման սխալ գործելուց: Պարզվում է՝ սխալվել ենք: Թուրքիայի հետ հարաբերությունների ամենափայլուն շրջանում առանց խորհրդակցելու և մեզ հետ քննարկելու նման որոշման գալը մեր երկրի դեմ դավաճանությում եմ որակում», - հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:
Պաշտոնական Բաղդադը նույնպես չի ճանաչում իրաքցի քրդերի հանրաքվեի արդյունքները: