ԼՂ-ում անկայունությունն է՛լ ավելի կբարդացնի ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ. Քերի Կավանոյի և Փոլ Սթեյերսի հոդվածը
Այս տարվա ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները կարող են նվազեցնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման հավանականությունը: Նման հանդիպումը կարող է ազդարարել հետքայլ հնարավոր ռազմական գործողություններից և վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին ասված է «Միջազգային հարաբերությունների հարցերով խորհուրդ» վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Կավանոյի և Փոլ Սթեյերսի հոդվածում:
Հեղինակները նշում են, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումն ազդեցություն կթողնի ամբողջ Հարավային Կովկասի վրա: Կարող է սկսվել փախստականների ալիք, ինչը լրջորեն կազդի հարևան Վրաստանի վրա, որտեղ բնակվում են հայկական և ադրբեջանական փոքրամասնություններ: Բացի այդ, Վրաստանը նաև չափազանց կախված է դարձել Ադրբեջանից՝ բնական գազի առումով: Ռազմական գործողությունները կարող են խախտել շրջանի էներգափոխադրման ցանցը:
Վաշինգտոնի համար Հարավային Կովկասում անկայունությունն է՛լ ավելի կբարդացնի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները: Հակամարտությանը ռուսական զորքերի ներգրավվածությունը նաև բացասաբար կազդի ռուսական ռևանշիզմը զսպելու ԱՄՆ-ի վաղեմի ջանքերի վրա:
Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերը 2017 թվականին հիմնականում ուղղված են եղել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին բանակցային սեղանի շուրջ հետ բերելուն: Թեկուզ այդ հանդիպումը միայն չի նշանակի հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթաց, այն կարող է կանխել վերսկսված բռնության վտանգը:
Հեղինակները նաև նշում են մտահոգությունների մասին, թե որքանով առաջնահերթ հարց է այս հակամարտությունն ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ օգոստոսին գրված նամակը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորկերին հանգեցրել է ենթադրությունների, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հատուկ ներկայացուցչի պաշտոնը կարող է կրճատվել Պետքարտուղարության սպասվող վերակազմավորման շրջանակում: Հեղինակները նշում են, որ անգամ եթե պաշտոնը պահպանվի, ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը հնարավոր է չառաջադրվի դեսպանի աստիճանի: Այդպես ԱՄՆ ներկայացուցիչը կլինի ակնհայտորեն ստորադասված դիրքում իր ռուս և ֆրանսիացի գործընկերների համեմատ և կընկալվի որպես ազդանշան ԵԱՀԿ-ի շրջանակում կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի շահերի թուլացման և աջակցության նվազման մասին:
Հեղինակները նշում են, որ դեռ անհայտ է մնում, թե արդյոք 2017 թվականին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Նրանք երկուսն էլ ներկա են եղել Նյու Յորքի գլխավոր վեհաժողովին, բայց չեն հանդիպել:
Եթե դիվանագիտական դաշտում չկա մոտ ապագայում առաջընթացի հնարավորություն, խաղաղության հաստատմանն ուղղված շատ նախաձեռնություններ պետք է ձեռնարկվեն միջազգային մտահոգությունն ընդգծելու, ռազմական գործողությունների վերսկսմանն ավելի լավ պատրաստվելու և խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացի տարածքն ընդլայնելու համար: Բարեբախտաբար, այդ գործողությունների մի մասն արդեն մեկնարկել են, եզրափակել են հեղինակները: