Հայաստանում մսի գների լուրջ աճ է գրանցվել
Հայաստանում մսի գների լուրջ աճ է գրանցվել։ Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Սաֆարյանի խոսքով՝ խոզի մսի գները հանրապետությունում 38-41 տոկոսով աճել են։ Միաժամանակ լուրջ գնաճ է գրանցվել նաեւ մյուս սննդամթերքների դեպքում։ «Թանկացել է կարագը, կաթնամթերքը, ձուկն ու անգամ որոշ ծառայություններ, ինչպես օրինակ՝ ավիափոխադրումը»,– պարզաբանեց Սաֆարյանը։
Խոսելով հանրապետությունում բենզինի թանկացումից՝ Սաֆարյանը նշեց, որ դա սկզբունքորեն կապված է վառելիքի միջազգային շուկայում տիրող վիճակի հետ։ Ավիատոմսերի աննախադեպ թանկացումը արձակուրդների սեզոնով է պայմանավորված։ «Հայաստանը չունի սեփական ավիաընկերությունը, որը կարող էր արժանի մրցակցություն ստեղծել օտարերկրյա ավիաընկերությունների համար։ Բացի այդ, այդ սեկտորը հանձնել են մասնավոր ընկերություններին, եւ այստեղ գործում է ազատ մրցակցության սկզբունքը, ինչից էլ արտասահմանյան ավիափոխադրողներն ակտիվորեն օգտվում են»,– եզրափակեց Վազգեն Սաֆարյանը։