Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի նոր ոստիկանապետ են նշանակել
Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի նոր ոստիկանապետ են նշանակել՝ անկախության հանրաքվեի անցկացումը թույլ չտալու նպատակով, հայտնել է երկրի գխավոր դատախազությունը, փոխանցում է BBC-ն:
Քաղաքացիական գվարդիայի գնդապետ Դիեգո Պերոս դե լոս Կոբոսը կդառնա ե՛ւ կատալոնական («Մոսոս դ՛Էսքուադրա), ե՛ւ ինքնավար մարզում իսպանական ոստիկանության պետը: Մադրիդում իշխանություններն այս քայլը հիմնավորել են իրավապահ ուժերի գործողությունների ավելի լավ համակարգման հասնելու անհրաժեշտությամբ:
Սակայն Կատալոնիայի իշխանությունները հրաժարվել են ճանաչել այս որոշումը՝ դա տեղական ոստիկանության գործերին միջամտություն համարելով:
Շրջան են բերվում հազարավոր ոստիկաններ հոկտեմբերի 1-ին նշանակված հանրաքվեի անցկացումը թույլ չտալու համար: Երկրի Սահմանադրական դատարանն այն ապօրինի է ճանաչել, սակայն Կատալոնիայի առաջնորդները դրանից հրաժարվելու մտադրություն չունեն:
Իսպանիայի գլխավոր դատախազությունում կարծում են, որ Կոբոսի նշանակումն օրենքով արդարացված է, որը կարգավորում է ինքնավար շրջանում համատեղ գործողությունները: Աշխատանքի այս սխեման կգործի ընդհուպ մինչեւ հոկտեմբերի 1-ը, հայտնել է կատալոնական La Vanguardia պարբերականը:
Կատալոնիայի ՆԳ նախարար Ժոակիմ Ֆորնը Twitter-ում կատալոներենով հայտնել է, որ տեղական իշխանությունը մերժում է շրջանային ոստիկանության աշխատանքին միջամտությունը:
Դեռեւս հայտնի չէ, թե տեղական իշխանություններն ու ոստիկանությունը ինչպես կկարողանան չկատարել Մադրիդի կարգադրությունը: