Նոր մանրամասներ Մեղրիի մաքսակետի մոտ 3 անձանց դանակահարությունից
Ագարակ քաղաքում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի հանգամանքները պարզվել են. մեկ անձ ձերբակալվել է:
Ըստ Քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ՝ երկուսը ծնված 1975թ. և մեկը՝ 1971թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ծանր մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նա Սյունիքի մարզի բնակիչ է, 26 տարեկան:
Նախնական տվյալներով՝ վիճաբանությունն առաջացել է անձնական ավտոմեքենայով Երևանից Ագարակ իրականացրած ուղևորափոխադրման դիմաց պահաջված գումարի չափի պատճառով: Վիճաբանության ժամանակ էլ 26-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նշված տղամարդկանց։ Երիտասարդը ձերբակալվել է, վերջինս ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը։
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել Մեղրիի մաքսակետի մոտ: