Աննա էշու. ԱՄՆ–ն ընդունակ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգները, միանշանակ, ընդունակ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս մասին սեպտեմբերի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, ակնկալո՞ւմ է նա արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչում Թրամփի վարչակազմի օրոք, կոնգրեսականը հայտնել է. «Մեզանից շատերը չեն դադարի աշխատել այդ ուղղությամբ: Մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները միանա միջազգային հանրության այն բազմաթիվ երկրներին, որոնք արդեն ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ՝ կարեւոր է անել դա: Եվ կարծում եմ, որ Միացյալ Նահանգները, միանշանակ, ունի հնարավորություն անել դա: Դա անցյալի սարսափի մասին է, որը մենք պարտավոր ենք ընդունել: Բայց ես նաեւ կարծում եմ, որ մեր այցը վերաբերում է մեր ապագային, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը, տնտեսական կապերի ամրապնդմանը: Դա Հայաստանի եւ բոլոր հայերի օգտին է, եւ բխում է ԱՄՆ շահերից»: