Մոսկվան եւ Պեկինը հրաժարվել են միանալ ՄԱԿ-ի բարեփոխման Թրամփի հռչակագրին
Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանը և Չինաստանը հրաժարվել են միանալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հռչակագրին, որի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի բարեփոխմանը, որպեսզի կազմակերպությունը առավել արդյունավետ դառնա համաշխարհային ճգնաժամերի լուծման ժամանակ։
Թրամփի այս փաստաթղթին միացել է 128 երկիր։ Ռուսաստանցի պաշտոնյաները հավաստիացրել են, որ չնայած իրենք աջակցում են այս գաղափարին՝ բարելավել բյուրոկրատացված ՄԱԿ-ի աշխատանքը, սակայն կարծում են, որ միջազգային կառույցի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի անդամ երկրների կողմից, այլ ոչ թե պարտադրվի Միացյալ Նահանգների մշակած փաստաթղթի տեսքով։
«Մենք բոլորս աջակցում ենք միջազգային հարթակում ՄԱԿ-ի դերի բարձրացմանը, բայց ՄԱԿ-ը մեծ բարեփոխումների կարիք չունի», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանն է ասել ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան։
Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին միասնական լինել՝ լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են իրենց առջև։ Մասնավորապես, նա անդրադարձել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, իր հերթին, ասել է՝ համաձայն է Թրամփի հետ, որ բյուրոկրատիան խնդիր է ՄԱԿ-ում։