Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի համար կայուն եւ հուսալի գործընկեր. Վիգեն Սարգսյան
Խոշոր զորամասերում բացվելու են Թումո կենտրոններ եւ զինծառայողները զորակոչվելուց հետո մինիմալ գիտելիքներ կունենան ծրագրավորումից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգ-բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդել» թեմայի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այն զորամասերում, որտեղ հազարից ավելի ժամկետային զինծառայող կա, բացելու ենք Թումո կենտրոններ, որտեղ զինծառայողները հնարավորություն կունենան ստանալ համակարգչային գիտելիքներ եւ կունենան ծրագրավորումից գոնե մինիմալ գիտելիքներ՝ հետագայում աշխատելու նպատակով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը հիշեցրեց նաեւ, որ շարքային կազմի զինծառայողների համար էլ լրացուցիչ կրթության հնարավորություն են ստեղծելու, ներկայումս արդեն պիլոտային ծրագիրը գործում է, որի համաձայն, Դիլիջանում եւ Ստեփանակերտում շարքային կազմի զինծառայողների մի խումբ համակարգչային գիտելիքներ է ստանում:
«Երկրորդ կարեւոր ուղղությունը սպառազինությունն ու առաջնագծի կահավորումն է: Ապրիլյան պատերազմից հետո կատարված աշխատանքների շնորհիվ մեր զինծառայողների համար առավել անվտանգ է: Առաջնագիծը պետք է շարունակել կահավորել, աշխատանքը պետք է լինի կանոնակարգված եւ համակարգված: Ինչ վերաբերում է սպառազինությանը, այստեղ ունենք եւ խորհրդատվության եւ աջակցության կարիք, քանի որ այս ոլորտն արագ զարգանում է եւ անընդհատ կատարելագործվում է: Մեր սփյուռքահայերը կարող են մեզ այս հարցում օգնել առաջին հերթին իրենց կապերով»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ ռազմաարդյունաբերական ակադեմիան լուրջ հաջողություններ է գրանցել եւ շատ մոտ է ժամանակը, որ առաջին լուրջ արտադրանքը կարտահանվի արտերկիր: Նախարարի գնահատմամբ, միայն սեփական շուկայի համար արտադրությունը բավարար չէ. «Ունենք հայրենակիցներ, որոնք զենքի շուկայում կապեր ունեն եւ կարող են օգնել մեզ այդ հարցում»:
Հաջորդ ուղղությունը, ըստ Վիգեն Սարգսյանի, ռազմական դիվանագիտության զարգացումն է: Նա կրկին հիշեցրեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի համար կայուն եւ հուսալի գործընկեր. «Ռուսաստանի հետ մենք կարողանում ենք ներքին շուկայի գներով պայմանագրեր կնքել: Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման հարցում, սա չի նշանակում, սակայն, որ մենք այլ կապեր չունենք: Ես այցելել եմ նաեւ Հունաստան, Վրաստան, Իրան»: