Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ. Արամ Ա կաթողիկոս
Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանը անցագիր չէ, վայ մեզի, որ միայն այսպես պիտի մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայուն հավաքական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել համազգային մենթալիտետի մշակույթ։ «Անհրաժեշտ է բաց լինել վաղվա օրվա նոր հորիզոններին եւ հակազդել մարտահրավերներին։ Ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ։ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնայնություն է»,– ընդգծել է Արամ Ա–ն։ Նրա համոզմամբ՝ Հայաստանն ու սփյուռքը միայն գործընկերներ չեն։ Արամ Ա-ն նշել է, որ անհրաժեշտ է արդյունավետ եւ ճիշտ օգտագործել սփյուռքի ներուժը։ «Սակայն այդ համագործակցությունը պետք չէ դիտարկել տնտեսական նախագծերի տեսքով միայն։ Մեր բազմադարյա պատմությունը վկայում է, որ ժողովրդի փրկությունը հավաքական ուժի մեջ է։ Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է եւ հակառակը»,– ասել է Արամ Ա կաթողիկոսը։