Անհատական մոտեցումը և պրոֆեսիոնալիզմ.պլաստիկ վիրաբույժի «գործիքները»
Պլաստիկ վիրահատության շնորհիվ ավելի շատ մարդիկ են ուղղում քթի, ականջների կամ կզակի տձևությունները, ազատվում կոպերի շրջանի կնճիռներից և ապրում ավելի գեղեցիկ ու ինքնաբավ կյանքով: Վիրաբուժության զարգացման ժամանակակից մակարդակը թույլ է տալիս այդ փոփոխությունները կատարել արագ, հեշտ ու անցավ՝ ստանալով կատարյալ ու ներդաշնակ արդյունք:
Մարդիկ այսօր ավելի շատ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին ու գրավչությանը: Շատերը չեն հարմարվում արտաքին այս կամ այն թերության հետ, որը բարդույթավորում է նրանց, սահմանափակում շփումներն ու խանգարում անձնական կյանքի կայացմանը: Նման դեպքերում պլաստիկ վիրահատության շնորհիվ նրանք ազատվում են բարդույթներից, կյանքը դնում դրական հունի վրա: «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Աշոտ Հարությունյանը զբաղվում է դիմածնոտային շրջանի հետ կապված էսթետիկ բոլոր՝ քթի, ականջախեցիների, կոպերի, կզակի պլաստիկ վիրահատություններով: Ա. Հարությունյանը պլաստիկ վիրաբույժների աշխատանքում կարևորում է անհատական մոտեցումը: Գրագետ, պրոֆեսիոնալ, ճիշտ մոտեցումը հենց անհատական մոտեցումն է, երբ քո կաբինետ մտնողին վերաբերվում ես ոչ թե ինչպես պացիենտի, այլ՝անհատի: «Մենք միշտ երկար զրուցում ենք մեզ դիմած անհատի հետ: Եղել է, որ նա մի քանի օր այցելել է, խոսել ենք, որ հասկանանք պատրաստ է նա իրականում, թե ոչ: Պլաստիկ վիրահատությունը միայն վիրահատության դրական արդյունքը չէ, այն նաև հետվիրահատական վերականգնողական երկար շրջան ու հսկողություն է ենթադրում: Այդ ընթացքում պացիենտը պետք է ունենա կայուն հոգեկան վիճակ»,- ասում է վիրաբույժը «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի հետ զրույցում:
Պլաստիկ վիրահատության դիմում են քթի, ականջների, կզակի վառ արտահայտված անհամաչափությունների շտկման, կոպերի շուրջ կնճիռների, պարկերի վերացման համար: Պլաստիկ վիրաբույժի խնդիրն է ներդաշնակեցնել պացիենտի արտաքին ու ներքին աշխարհները: Այնպես անել, որ նա տեսնի իրեն այնպես, ինչպես զգում է ներքուստ, չունենա բարդույթներ, ապրի ազատ, վառ ու հաճույքով: Միևնույն ժամանակ Ա. Հարությունյանը հիշեցնում է՝ պլաստիկ վիրահատությունը չի փոխում անհատականությունը, այն միայն օգնում է ազատվել կաշկանդվածությունից ու բարդույթներից: