«Սասնա ծռերի» գործով նիստին 15 փաստաբաններ չէին ներկայացել. դատավորը հետաձգեց նիստը. միջադեպ գրանցվեց
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Սասնա ծռերի» գործով նիստին չեն մասնակցել 15 փաստաբաններ: Բանն այն է, որ այսօր ավելի քան 180 փաստաբաններ գործադուլ են սկսել, որոնք բողոքում են «դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստի սկզբում ընթերցեց փաստաբանների հայտարարությունը, որի համաձայն, այսօր հայտարարում են բողոքի ակցիա՝ պայմանականորեն գործադուլ, հրաժարավելով մասնակցել այսօրվա դատական նիստերին:
«Դատարանը փաստաբանների՝ այսօրվա դատական նիստին չներկայանալը դրական չի ընդունում, քանի որ փաստաբանները պարտավոր էին ներկայանալ դատական նիստերին, սակայն չեն ներկայացել, հետեւաբար հաջորդ դատական նիստին դատարանը կանդրադառնա նրանց վարքագծին»,- ասաց Արտուշ Գաբրիելյանը:
Նա հայտարարեց, որ քանի որ ներկա է միայն 3 հանրային պաշտպան, իսկ 15 փաստաբաններ չեն ներկայացել նիստին, հետեւաբար նիստը հետաձգում են մինչեւ սեպտեմբերի 20-ը:
Սակայն մինչ այդ դատական կարգադրիչները թույլ չէին տալիս նիստերի դահլիճ մտնել ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի քրոջը՝ Լուսինե Բարսեղյանին:
Երբ նա կարգադրիչներից փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչու իրեն թույլ չեն տալիս դահլիճ մտնել, պատասխանեցին, որ իր նկատմամբ սանկցիա է կիրառվել:
«Ես որեւէ միջադեպ չեմ հիշում ինձ հետ կապված: Սա կապում եմ անձնական թիրախավորման հետ: Ինչպես «Սասնա ծռերը» այնպես էլ նրանց ընտանիքների անդամները թիրախավորված եւ եւ հերթով բոլորի նկատմամբ ինչ-որ դավեր են նյութում»,-ասաց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am