Թուրքիան արդեն կանխավճար է տվել ռուսական կողմին С-400-ի գնման համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն ռուսական կողմին է հանձնել անհրաժեշտ կանխավճարը՝ Ռուսաստանի Դաշնությունից С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար, այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:
Էրդողանը հաստատել է, որ С-400-ի մատակարարման շուրջ համաձայնությունը կողմերն արդեն ստորագրել են, ինչպես նաև հայտնել է, որ մնացած գումարը Թուրքիան կվճարի Ռուսաստանի կողմից իրենց տրամադրելիք վարկի միջոցով:
«Ես և պարոն Պուտինը շատ վճռական ենք տրամադրված այդ հարցում», - ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:
Ավելի վաղ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական С-400 համակարգերի մատակարարումներին:
Թուրքիայի նախագահն իր հերթին շեշտել է, որ Թուրքիան որևէ մեկին հաշվետու չէ իր անվտանգությունն ապահովելու ճանապարհին կատարած քայլերից և «իր անկախությունը պահելու հետ կապված որոշումներն ինքնուրույն է կայացնում»:
Էրդողանը չի մոռացել կոչեր հղել նաև Արևմուտքին՝ պնդելով, որ Թուրքիայի հետ բարեկամ համարվող դաշնակից երկրները ժամանակին հրաժարվել են Թուրքիային անօդաչու սարքեր վաճառել, մինչդեռ, ըստ Էրդողանի, զինել են ահաբեկիչներին: