ՀՔԾ-ն չէր կարող չկարճել «ՍԱՍ-ի գործը»
«Ազատությանը» Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ ՀՔԾ-ն որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։
Հիշեցնենք, որ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով՝ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Ձայնագրությունը խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց առաջինը հրապարակել էր Hayastan24.Com կայքը: Մոտ 40 րոպե տեւողությամբ ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար եւ սպառնում՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը:
«Հետք» պարբերականի տեղեկություններով, այդ ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ՀՔԾ-ից իրենց չեն էլ դիմել՝ ճշտելու, թե որտեղից իրենց տեղեկությունը, թե ժողովը վարել է հենց պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը: Հարցը Բաղդասարյանին նույնիսկ զարմացրեց: Նա կարծում է, որ «քննություն իրականում չի էլ անցկացվել»:
Իսկ ձայնագրությունը հրապարակած «Հայաստան 24»-ի խմբագիր Եվա Ադամյանն ասաց, որ ՀՔԾ-ից կայքի էլեկտրոնային հասցեին նամակ են ստացել՝ հրապարակմանը վերաբերող պարզաբանումներ տալու խնդրանքով: Ադամյանը նշեց, որ ինքը պաշտոնապես չի մերժել իրավապահների խնդրանքը, այդուհանդերձ ՀՔԾ-ից կայքին այլեւս դիմող չի եղել:
Անկեղծ լինենք, խայտառակ ընտրական օրենսգրքի ընդունումից եւ ավելի խայտառակ ապրիլյան ընտրություններից հետո այս գործը անպայման պետք է կարճվեր եւ այն էլ հանցակազմի բացակայության պատճառով:
Այսպիսով, այս որոշմամբ իշխանությունները եւս մեկ ապտակ հասցրին ժողովրդավարությանը եւ արդարությանը, ինչպես նաեւ օրինականացրին այս կամ այն թեկնածուի օգտին հարկադրաբար աշխատեցնելը:
Ամեն ինչ ավելի քան պարզ է: Եւ չզարմանաք, եթե հաջորդ, այսպես կոչված, ընտրությունների ժամանակ ոչ թե հարկադրեն ձայն բերել, այլ ծեծելով, կտտանքի ենթարկով պարտադրեն, իսկ քիչ ձայն բերածներին, ոչ թե ծաղրեն, այնպես ինչպես ՍԱՍ-ի հայտնի ժողովում, այլ հրապարակայնորեն մտրակի հարվածի ենթարկեն:
Ահա այսպիսի որոշումներով ենք դատարկում Հայաստանը, թուլացնում այն եւ քայքայում երկրի առանց այն էլ թույլ տնտեսությունը:
Top-News.am