ԵԱՀԿ ԽՎ ղեկավար․ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիսթին Մութթոնենը Բաքու կատարած իր այցելության ժամանակ շեշտել է ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով հրադադարի կանոնավոր խախտումները, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվում շփման գծում, ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ խաղաղ գործընթացը առաջ մղելու անկարողության հետեւանքն են լինելու մարդկային կորուստները, նաեւ ընդհանուր տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ու տնտեսական զարգացում ապահովելու անկարողությունը։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնային լինի թ ե միջազգային համայնքի, թե երկու երկրների առաջնորդների համար։ Այս հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է նա՝ նշելով, որ ինքը կբարձրաձայնի նույն ուղերձը նաեւ Երեւանում մոտակա ամիսներին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումների ուժեղացումը կարող է լարվածությունը նվազեցնելու հզոր միջոց դառնալ։
Քրիսթին Մութթոնենը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, նաեւ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությանը՝ շեշտելով, որ երկու կողմերից պահանջվելու է քաղաքական մեծ կամք ու հանձնառություն։