Ովքեր են նրանք՝ տաքսիստները
Հյուսիսային ավտոկայան. Երեւան, 2017-ի սեպտեմբերի 2: Տարօրինակ տեսքով եւ դեմքի անորոշ արտահայտությամբ տաքսիստը հետաքրքրվում է, թե ինձ հետ զրուցող օտարերկրացի զույգը ռուսերեն է խոսում, թե անգլերեն, եւ երբ տեղեկանում է, որ ռուսերեն ոգեւորված ձայն է տալիս. «բրատիշկա, արաաաա», ու վազում հետեւներից: Տեսնելով որ նրանք գնում են միկրոավտոբուսի ետեւից բոլորի ներկայությամբ հայհոյում է՝ տվայու ...
Տեսնել էր պետք զարմացած եւ վախեցած երիտասարդ զույգի դեմքը: Ընդամենը մեկ ամիս առաջ էլ Կենտրոնական ավտոկայանում տաքսիստը ֆրանսիացի զբոսաշրջիկներին խաբում էր, թե դեպի Գյումրի գնացող միկրոավտոբուսներ չկան եւ միայն տաքսիներ են, եւ դեռ ինձ էլ խնդրում էր օգնեմ իրեն, որ խաբեությունը թեթեւ անցնի: Ավելորդ է անգամ ասել, թե որքան գումար էր պահանջում Գյումրի հասցնելու համար:
Մի քանի շաբաթ առաջ մոտենում եմ Թամանյանի արձանի մոտ կանգնած տաքսիների վարորդներին եւ առաջարկում ուղեւորվել դեպի Էրեբունի: Չսափրված, այս կյանքում ոչ մի արժեհամակարգ չունեցող դեմքի արտահայտությամբ երկու տաքսիստ ասում են՝ գնանք, բայց հազար հինգ հարյուր է: Ինձ հետ եկած օտարերկրացիները չեն հասկանում, թե ինչու են մեզ հետ այդպես ագրեսիվ խոսում, եւ չեն էլ հասկանում, թե ինչու տաքսի չենք նստում:
Իսկ գիտե՞ք թե արդեն որերորդ դեպքն է, երբ տաքսիստը խոստովանում է, որ սրտի մի քանի կաթված է տարել, եւ որ ընտանիքի վրա բեռ չլինի տաքսի է վարում: Մի անգամ էլ տաքսիստը խոստովանեց, որ քաղցկեղով է հիվանդ եւ անգամ ցույց տվեց որովայնից կախված բժշկական տոպրակները:
Շատերդ լսած կլինեք հենց տաքսիստներից, թե որքան շատ են հարբեցող, թմրամոլ եւ անգամ բենզինիստ տաքսիստները:
Իսկ շատերը վարչապետ Կարեն Կարապետյանից նեղացան, որ ակնարկեց, որ տաքսիստների տեսքը եւ մեքենաները պատշաճ մակարդակի չեն: Բայց ի՞նչ օգուտ, որ ակնարկեց՝ իրավիճակն այս ոլորտում խայտառակ է:
Պատկերացնո՞ւմ եք, թե իրականում ինչ սարսափելի վիճակ է: ՀՀ քաղաքացիների կյանքը վստահում ենք մարդկանց, որոնք ոչ բժշկական քննություն են անցել, ոչ էլ հավանաբար կարգին քշել գիտեն, քանի որ ով գործ չի գտնում մտնում է տաքսի ծառայություն եւ վերածվում տաքսիստի:
Մի օր հազիվ քսան տարեկան տաքսիստը խոստովանում է. «Այս գործը շատ լավն է: Տաքսիստ ես աշխատում, սովորում մեքենա վարել եւ հետո նոր ավտոմեքենա գնում»: Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչ խոստովանություն արեց:
Իսկ գիտե՞ք, որ պատահել են տաքսիստներ, որոնք չեն իմացել, թե որտեղ է Վարդաշենը, Նոր Արեշը կամ Երկաթգծի կայարանը: Սա ի՞նչ է, մի անգամ տաքսիստը խնդրեց հուշեմ, թե ինչպես կարող է հասնել Օպերա, իսկ նա այդ պահին Մաշտոցի պողոտայում էր:
Մի տաքսիստ էլ գլուխ էր գովում, թե ինչպես է թռցրել գերմանացի զբոսաշրջիկի դրամապանակը՝ Պարզ լիճ տանելուց հետո, իսկ ռուս կնոջն էլ առաջարկել սեքսով զբաղվել: «Չհամաձայնեց, ասաց, թե որ հարիֆը հետս չլիներ խնդիր չկա, կազդվի»:
Այս ոլորտը խայտառակ վիճակում է, իսկ ուղեւորների կյանքը ամեն վայրկյան վտանգվում է: Անշուշտ, չենք պնդում, թե բոլոր տաքսիստները վատն են: Կիրթ, բազմափորձ վարորդներն ավելի շատ են, բայց խնդիրն այն է, որ հենց միայն նրանք պետք է իրավունք ունենան տաքսի վարել: Եւ վերջապես արդեն հասել է պահը, երբ տաքսիները Երեւանում պետք է լինեն միատեսակ եւ նույն տարբերանշաններով:
Top-News.am