Իլհամ Ալիեւի երեք միլիարդը, հայկական հզոր լոբբին եւ հայաստանցու չարքաշ կյանքը
Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է «ադրբեջանական լվացքատան» սկանդալը։ Պաշտոնական Բաքուն դրա hետeuում տեսնում է Ջորջ Սորոսին եւ հզոր հայկական լոբբիին։
Ստացվում է, որ հայկական լոբբին կարողացավ մի քանի պետությունների բանկային համարգերից փակ տեղեկատվություն ստանալ, հետաքննություն անել, հրապարակել BBC-ում, «Գարդիանում» եւ «Եվրանյուզում», բացահայտել ադրբեջանական իշխանությունների կողմից ձեւական ընկերությունների միջոցով Մեծ Բրիտանիայում երեք միլիարդ դոլարի լվացման բավական բարդ սխեման։
Փաստ է, որ երեք միլիարդի լվացման մասին հրապարակումները շոկ են առաջացրել Ադրբեջանի նախագահի ընտանիքում, հակառակ դեպքում Ալիեւի մամուլի ծառայությունը հանդես չէր գա հերքմամբ։ Ադրբեջանը գնում է վաղուց փորձարկված ճանապարհով՝ շարունակում են ամեն ինչ կապել հայկական լոբբի հետ եւ նրան ներկայացնում են որպես գերհզոր կառույց:
Մնում է մենք էլ ազգովի խնդրենք հայկական լոբբիին, որ Ադրբեջանի հետ հարցերը լուծելուց հետո զբաղվի հայաստանյան խնդիրներով։ Ասենք, սկզբի համար լուծել Երեւանի տրանսպորտի հարցը, որ համայն հայության մայրաքաղաքի բնակիչներին ամեն օր ստորացված չտանեն երկրի տերերի «մարշրուտկեքը»։
Ախր, այդ գերհրզոր լոբբին գոնե Երեւանի վերելակների հարցը լուծեր, կամ գոնե ֆուտբոլի ֆեդերացիայի։
Չկա-չկա, գոնե Խոսրովի անտառի հրդեհը հանգցնելուն օգներ, որ մինչ ռուսական ինքնաթիռի ժամանումն անտառի կեսը չվառվեր, արագաչափերի, կարմիր գծերի հարցին լուծում տար։ Հնարավոր է, որ հայկական լոբբին իրոք այնքան հզոր է, որ այսպիսի մանր մունր խնդիրներին ժամանակ չունի անդրադառնալու։
Սահմանադրական բարեփոխումների քողի տակ գողականներով ձեւավորված Ազգային Ժողովը,հնարավոր է, հայկական լոբբիի տրամաչափից ցածր գործ է։
Ախր, այսպես որ շարունակվի հայկական պետությունից բան չի մնա՝ թերեւս միայն հայկական լոբբին։
Ու մենք ազգովի Տյումենում, Չելյաբինսկում, Տվերում եւ այլուր, ասֆալտ փռողների, շինարարության բանվորների, շուկայի բուդկչիների սփյուռքյան հուժկու միություններ կստեղծենք՝ ազդելով միջազգային քաղաքական կենտրոնների եւ հեղինակավոր զանգվածային լրատվամիւջոցների վրա։
Top-News.am