«Սեւուսպիտակ կազմով գիրքը». գիրք 44-օրյա պատերազմի եւ կյանքի մասին
Սեպտեմբերի 25-ին Լոֆթում տեղի ունեցավ Գրիգոր Գրիգորյանի «Սևուսպիտակ կազմով գրքի» շնորհանդեսը։
Ինը գլուխներից կազմված վեպը հրատարակվել է վերջերես, այն հեղինակի չորորդ գիրքն է՝ կարմիր, կանաչ, դեղին կազմով գրքերից հետո։
«Պատերազմը շարունակվում էր, ուրեմն՝ զոհերի թիվը պիտի աճեր։ Հայտարարված հրադադարի հերթական փորձը կրկին ձախողվեց, և խաղաղության հույսերը ևս մեկ անգամ փոշիացան մայրերի փխրուն անուրջներում։ Որդեկորույս այս պատերազմի գույնը կարմիրն է, իսկ կարմիրը երբեք այդքան հեշտ չի նահանջում։ Սկզբից այն հրեղեն, բոցաշունչ կարմիր էր, որի մեջ հույս և հաղթական ուժ կար, սակայն ժամանակի հետ, ինչպես ամեն բան մեր կյանքում, աստիճանաբար խամրեց, խունացավ և բոսորագույն երանգ ստացավ՝ զոհված զինվորի ճակատին լերդացած արյան նման։ Մարդկային չարությունը նույնպես կարմիր գույն ունի. քայլում ես փողոցներով՝ համատարած կարմիր է, կարդում ես լրատվականները՝ ողողված են այս գույնով, հեռուստացույց ես դիտում՝ կրկին ոչ մի գունային փոփոխություն։ Աշխարհը պատերազմի պահանջ ունի. միմյանց կոկորդ կրծելու այդ բնական պահանջմունքը, որն անսպառ պահանջարկի չժանգոտող հիմքն է, պտտվում է մակերևույթում, լողում է գետերով, ծովերով ու անծայրածիր օվկիանոսներով։ Հողը ժամանակ առ ժամանակ դողում է պատերազմի պակասից, իսկ տիեզերքում շողացող աստղերն ու մոլորակները անընդհատ շարժվում են, փոփոխում իրենց դիրքերը՝ խաթարելով մեր փոքրիկ երկրագնդի կեղծ հանգստությունը։ Աշխարհում ամեն բան ստիպում է, պարտադրում է պատերազմ, այդ անկառավարելի ծարավը չի հագենում դարերով, հակառակը՝ ավելի է ահագնանում, ուժգնանում ու ծանրանում մարդկության արյունատենչ առաջընթացի վրա։
Իսկ կարմիրին միշտ հաջորդում է սևը, կարմիրից հետո երբե՛ք, երբե՛ք սպիտակ չի լինում»։
Գիրքը պատերազմի, բայց ավելի շատ խաղաղության, կյանքի, հարատեւման մասին է: 44-օրյաք պատերազմի մասին պատմող գրքի հերոսն Աբգարն է, նրա հերոս ընկերները:
«- Աբգար, Աբգար, Աբգար,- Գագոն նայում էր երիտասարդի փոշոտված աչքերին ու շշնջում նրա անունը: - Ինչի՞ համար, ախպերս, ինչի՞ համար, ինչի՞ մոտս չեկար, ինչի՞ ինձ չասեցիր, մենակով ի՞նչ պիտի անեիր, իմ Աբգար, իմ գիժ ախպեր»:
Մեկ շնչով կարդացվող գիրքը կարող եք ձեռք բերել Բուկինիստ, Զանգակ եւ Նոյյան տապան խանութների ցանցում:
Top-News.am