նիկոլ փաշինյանը կամ չգիտի կամ ստում է
Նախօրեին վարչախմբի ղեկավարն Ազգային ժողովում հերթական անգամ վկայակոչեց Շուռնուխի հողօգտագործման քարտեզը, ապացուցելու համար, թե դեռ 2010-ին իշխանությունները ընդունել եւ հաստատել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սահմանը:
Նա իր ասածը հիմնավորում է Շուռնուխի հողօգտագործման քարտեզում արված մի ձեւակերպմամբ, որտեղ նշված է, որ գյուղի սահմանի մի հատվածը համընկնում է Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի հետ:
Հիմա մի քանի կարեւոր դիտարկում: Նախ, վարչատարածքային բաժանման մասին օրենքն ընդունվել է ոչ թե 2010թ.-ին, այլ 1995-ին: 2010-ին օրենքում միայն լրացումներ են արվել: Բացի այդ, համայնքների սահմանների նկարագրությունը դեռ հիմք չէ հարեւան երկրի հետ սահմանների որոշման, այլ կերպ ասած, սահմանազատման եւ սահմանագծման համար:
Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով: Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով:
Իհարկե, կարելի է անգամ պնդել, որ նույն այդ օրենքում կարելի էր խուսափել «Ադրբեջանի Հանրապետություն» արտահայտությունից, բայց եկեք չմոռանանք, որ Հայաստանի իշխանությունները դեռ 90-ականների սկզբներին որոշում կայացրին, որ քանի դեռ Արցախի խնդրի կարգավորման հարցով ընթանում են բանակցությունները, պետք է զերծ մնալ Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից:
Եւ եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դեռ չէր ճանաչել Արցախի Հանրապետությունը, ապա պաշտոնական փաստաթղթերում, օրենքներում, հազիվ թե, խելամիտ լիներ Արցախի Հանրապետության սահմանների մասին հիշատակում անելը: Դա նույնքան մեծ սադրանք կլիներ, որքան նիկոլ փաշինյանի 2019-ի հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ:
Եւ մեկ անգամ եւս շեշտենք, որ հողօգտագործման քարտեզում Ադրբեջանի Հանրապետության մասին հիշատակում անելը դեռ չի նշանակում եւ ընդհանրապես չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ լուծել է սահմանազատման հարցը:
Իսկ թե ինչու է վարչախմբի ղեկավարն անդադար ՀՀ քաղաքացիներին գցում թյուրիմացության մեջ, կիմանա ինքը եւ իր նեղ շրջապատը: Բայց արդեն ժամանակն է, որ նրան ասվի՝ կանգ առ, եւ այլեւս նման վտանգավոր հայտարարություններ մի արա:
Իսկ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հայտարարությունները ավելի մեծ վտանգ են պարունակում, քան կարող է թվալ առաջին հայացքից՝ փաստ է: Եթե նա անդադար իր ասածները հիմնավորելու համար պնդում է, թե այս կամ այն փաստաթղթում շեշտվում է, որ Շուռնուխից կամ Տեղից այն կողմ Ադրբեջան է, ապա շեշտում է նաեւ, որ Ադրբեջան է ոչ միայն Հադրութը, Քարվաճառը, այլ նաեւ Մարտակերտն ու Մարտունին, Ստեփանակերտն ու Շոշը: Ահա սա է նրա հայտարարության ամենավտնագավոր կետը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am