Հացարտադրողները ՍԱՊԾ-ից պահանջում են իրենց ժամկետ տալ
Հաց արտադրողները Սննդի անվտանգության պետական ծառայությունից պահանջում են հետաձգել հաց-հացամթերք եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալու պահանջի կիրառումը, որն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Այս մասին նրանք հայտարարել են ՍԱՊԾ-ում հանդիպման ժամանակ:
Նշենք, որ եթե նրանք ժամկետից ուշանան, կտուգանվեն մինչեւ 300 հազար դրամով:
Հացարտադրողները այսօր՝ օգոստոսի 30-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՍԱՊԾ-ի դիմաց: Նրանց ընդունել են ծառայությունում:
Հացարտադրողները ներկայացնելով իրենց բողոքը, նշեցին. «Ժամանակ ենք ուզում, ոչ մի տուգանք չենք վճարելու, թող դատարանները լցվեն տուգանքով: Կտան դատարան, թող դատարանը որոշի: Եկել ենք հասել մի եզրագծի, որ կամ պետք է փակվենք, կամ գոյատեւենք: Այսօր գոյատեւում ենք»:
Հացարտադրողներից մեկի խոսքով, իրենց պահանջը երկուսն է. «Նախ մեզ ժամանակ տրամադրեք մինչեւ գոնե տարվա վերջը, երկրորդ պահանջը՝ այնպես անել, որ մատչելի լինեն փոփոխությունները, որ ՓՄՁ-ի ներկայացուցիչները կարողանան դա իրականացնել»: շՆրանց խոսքով, բանն այն է, որ ՍԱՊԾ-ի պահանջը երկու հասցեատեր ունի. մեկը հացարտադրող ընկերությունն է իր մեքենաներով, երկրորդ անհատ մեքենատերերն են, որոնք պայմանագիր են կնքել հացարտադրողների հետ եւ հաց են տեղափոխում. «Անհատ մեքենատերը չի կարող այդքան գումար ծախսել եւ համապատասխան անձնագիրը ձեռք բերել: Այսինքն պահանջում են ժամկետ տրամադրել եւ ավելի մատչելի լուծում առաջարկել»:
ՍԱՊԾ ներկայացուցիչը հացարտադրողներին առաջարկեց բողոքը գրավոր ձեւակերպել, առաջարկները կետերով ներկայացնել, ուղարկել ՍԱՊԾ, որտեղ այն կքննարկվի եւ համապատասխան որոշում կկայացվի:
Նշենք, որ այս տարվա մարտի 14-ին ՍԱՊԾ պետի հրամանով հաստատվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը: ՍԱՊԾ պետի հրամանով հաստատված կարգում նշվում է, որ սանիտարական անձնագիր ստանալու համար փոխադրամիջոցը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձը, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանելու մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը:
Հացարտադրողներն էլ նշում են, որ եթե իրենց ուժերով գնեն անհրաժեշտ պարագաները և կահավորեն մեքենաները, յուրաքանչյուր մեքենայի համար մոտ 100 հազար դրամ պետք է ծախսեն: