Իսկ ո՞ւմ է պետք «Նաիրիտը» եւ ինչու է այն անդադար պայթում
Հերթական անգամ այրվեց «Նաիրիտը»: Եւ ամեն ինչ վկայում է, որ կրկին որեւէ մեկը որեւէ հետեւություն չի անելու: Հասարակությունը հետեւություն չի անելու:
Ո՞ւմ է պետք փտած, քանդված եւ ավերված «Նաիրիտը»: Մեր հասարակությունը այս հարցին չի պատասխանում: Նրանք էլ, ովքեր հասկանում են, թե ում է պետք՝ ինչ-ինչ պատճառներով լռում են:
Իսկ «Նաիրիտը» պետք է այս ու այն մեծ ու փոքր պաշտոնյաներին փողերի լվացման, փողերի կլանման եւ այլ «հետաքրքիր» եւ շահավետ գործարքների համար:
Ցավոք, մեր հասարակությունը հիվանդ է: Այնքան հիվանդ, որ հավատում է, թե այս հրեշը հնարավոր է վերագործարկել: Այս հրեշը, որի անունը «Նաիրիտ» է, վաղուց արդեն հնարավոր չէ վերագործարկել: Եւ մենք միայն ուրախ պետք է լինենք:
Մոռացե՞լ եք այս գործարանի թունավոր արտանետումները: Մոռացել եք, թե ինչու Երեւանում բազմաթիվ, հարյուրավոր կանայք չէին կարողանում երեխա ունենալ, մոռացե՞լ եք, թե ինչու էին երեխաները նյարդային եւ ոչ նյարդային բազմաթիվ հիվանդություններ ստանում:
Վաթսունականներին, յոթանասունականներին, ութսունականներին Երեւանի շատ թաղամասի երեխաներ դպրոց էին գնում, ֆուտբոլ խաղում արցունքներն աչքերին եւ չէին հասկանում, որ պատճառը արտանետվող թույնն է:
Հիմա զարմանում են, թե ինչո՞ւ է այս հսկան երբեմն-երբեմն պայթում եւ այրվում: Հասկացեք, ընդունեք, որ «Նաիրիտը» հնարավոր չէ գործարկել, եւ որ ամենակարեւորն է՝ Երեւանում քիմիական գործարան չի կարելի կառուցել: Այնքան ենք բթացել, որ այս մասին մոռանում ենք:
Երբ մենք նորմալ, առողջ իշխանություն եւ հասարակություն կունենանք, առաջին գործերից մեկը պետք է լինի «Նաիրիտի» ամբողջական եւ անվտանգ ապամոնտաժումը եւ դրա տեղում հսկա անտառ, զբոսայգի, ժամանակակից ատրակցիոններով հագեցած զվարճանքների այգու հիմնումը:
Հասկացեք նման հսկա քիմիական գործարան Հայաստանն այլեւս չի կարող եւ չպետք է ունենա:
Top-News.am