Առանց անակնկալների. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Մանվել Փարամազյանի կալանավորման որոշման դեմ բողոքը՝ առանց պաշտպաններին լսելու
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ինչը պաշտպանության կողմի համար անսպասելի չէր։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Երվանդ Վարոսյանից։
Նրա փոխանցմամբ՝ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը՝ ներպետական ատյանները սպառելու և ՄԻԵԴ դիմելու համար։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանները ներկա չեն գտնվել կալանավորման որոշման դեմ բողոքի քննությանը, ինչի մասին նրանք հայտարարել էին նախապես՝ կասկածի տակ դնելով դատավոր Արմեն Դանիելյանի անաչառությունը։ Մասնավորապես, հուլիսի 26-ին պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ բարձրաձայնելով մակագրման գործընթացի հարցը, քանի որ գործը նրան մակագրվել էր ոչ թե մակագրման համակարգի կողմից, այլ վերաքննիչ դատարանի նախագահի նախաձեռնությամբ ու որոշմամբ։ Խնդիրն այն է, որ քաղաքականապես զգայուն և աղմկահարույց գործերով, ինչպիսիք են՝ Սյունիքի կալանավորված համայնքապետերի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը, մակագրվել են «իշխանության կամքը դակող» համբավ ունեցող դատավորներին, որոնցից մեկը հենց Արմեն Դանիելյանն է։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանները հայտնել էին, որ, եթե դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնի, ապա չեն մասնակցի գործի քննությանը։ Արմեն Դանիելյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո պաշտպանները հեռացել են նիստերի դահլիճից, իսկ բողոքի քննությունը շարունակվել է՝ առանց պաշտպանության կողմի ներկայության։ Ստացվում է՝ դատավոր Արմեն Դանիելյանը նման որոշում է կայացրել՝ առանց պաշտպանության կողմին լսելու։ Հատկանշական է, որ պաշտպանության կողմին «չլսելը» դատավոր Արմեն Դանիելյանի համար նորույթ չէ, նման դեպք արդեն եղել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, երբ վերջինս, առանց պաշտպանության կողմին լսելու, թեեւ նրանք նիստին մասնակցում էին ու անմիջապես հեռացել խորհրդակցական սենյակ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 8-ին Քաջարանի քաղաքապետի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում Փարամազյանին բերման են ենթարկել Երևան՝ ԱԱԾ, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին, երբ կազմվել է ձերբակալման արձանագրությունը։
Պաշտպանները բողոքարկել են ձերբակալման իրավաչափության հարցը, սակայն մինչ դատարանը կքններ այն, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Փարամազյանին և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։ Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: