Փողոցները կարող են անվանափոխել միայն հաջորդ սերունդները
Դատարկ տեղից մի քննարկում ծնվեց: Երբ երկրում ոչինչ չի լինում, ապա առաջ են մղվում կեղծ օրակարգերը: Անվանափոխե՞լ երեւանյան փողոցները, թե՞ չանվանափոխել, որն է հոգեպես ավելի ազնիվ:
Ոմանք պնդում են, որ պետք է անվանափոխել, ոմանք պնդում են, թե պետք չէ անվանափոխել, ոմանք էլ ասում են՝ թքած ունենք, թե անվանափոխելու եք, թե՝ ոչ:
Իսկ ո՞րն է լուծումը: Իրականում հարցը շատ պարզ լուծում ունի: Մեր սերունդը բարոյական իրավունք չունի զբաղվել փողոցների անվանափոխմամբ: Դա պետք է անեն հաջորդ սերունդները եւ պետք է անեն այնպես, ինչպես անգլիացիները: Նրանցից լավ որեւէ մեկն այս հարցին չի մոտենում:
Փողոցը, դպրոցը, հիվանդանոցը այս կամ այն մարդու անվամբ կարելի է կոչել միայն նրա մահից հիսուն կամ ծննդից հարյուր տարի անց: Լուծումը սա է: Բայց փողոցների անվանակաչմամբ կարող է զբաղվել միայն այն սերունդը, որը կեղծ օրակարգերով չի ապրում, չի խախտում օրենքները, մարդկանց չի խաբում, կոռուպցիայով երկիրը չի սպանում, եւ վերջապես հասկանում է, թե ինչ է պետությունը:
Հիմա ասում են, թե Կասյանը վատ մարդ է եղել, իսկ ո՞ւմ անունով եք ցանկանում վերանվանել այդ փողոցը: Վստա՞հ եք, որ նա լավ մարդ է: Վստահ եմ, որ հետո, երբ առողջ սերունդ եւ լավ երկիր կունենանք, կփոխվեն նաեւ ՀՅԴ-ի հիմնադիրների անուններով փողոցները: Իսկապես, սա Հայաստան է, ոչ թե բոլշեւիկների կամ ՀՅԴ-ականների երկիր, բայց կրկնում եմ, անվանափոխման համար, մենք բարոյական իրավունք պետք է ունենանք:
Շատ նուրբ հարց է եւ այս հարցին հավեսի համար չպետք է զբաղվել: Վերջին հաշվով, եթե հայտնվենք ծայրահեղության գիրկը, ապա կարող ենք ասել, որ անվանափոխման առաջարկ անողները նախ պետք է փոխեն իրենց անունները, որոնք հիշեցնում են ցարական Ռուսաստանը եւ արտերկրյա գրական հերոսներին: Չէ որ մի օր մի ուլտրահայրենասեր էլ կարող է ասել, որ ԱԺ պատգամավոր կամ նախարար կարող են լինել բացառապես հայկական անուններով գործիչները:
Այնպես որ, շատ մի ոգեւորվեք, մինչեւ Կասյանի բարոյական կերպարին անդրադառնալը ձեզ նայեք հայելում, հիշեք ձեր անցած ճանապարհը, եւ նոր միայն առաջարկներով հանդես եկեք: Ի վերջո, մի օր, մի շատ լավ օր այս հարցը լուծում կստանա եւ այդ հարցը կլուծեն հաջորդ, ավելի առողջ սերունդները, իսկ մենք հիմա եկեք մտածենք, թե ինչ անենք, որ գոնե ստից եւ կեղծիքից ազատվենք, կոռուպցիան արմատախիլ անենք եւ մարդկանց թույլ տանք ապրել արժանապատիվ վաստակով:
Հ.Գ. Այսքան գրելը շատ բարդ էր, քանի որ հայերենը շատ, չափազանց աղքատ լեզու է եւ մտքերս հայերենով դժվար եմ արտահայտում:
Հակոբ Ասատրյան