Ով եւ որտեղ է պատանդ պահում Վահագն Սիմոնյանի 2 անչափահաս տղաներին (Տեսանյութ)
shamshyan.com- ը գրում է. Վահագն Սիմոնյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում է «Պոնչո» մականվամբ, ահազանգել է ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։ Վ. Սիմոնյանը այդ մասին տեղեկացրել էր նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ խնդրելով, որպեսզի գնանք և փրկենք իր առևանգված ու պատանդի կարգավիճակում գտնվող երեխաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» ռեստորանում հանդիպեցինք «առևանգված ու պատանդի կարգավիճակում գտնվող» երեխաներին, նրանց մորը, ովքեր բոլորովին այլ բաներ պատմեցին՝ իրենց դժգոհությունը հայտնելով իրենց հորից՝ Պոնչոյից. «Մենք 4-5 տարի է, առանց նրա ենք ապրում ու հիմա ի՞նչ է ուզում մեզանից, չգիտենք։ Հավանաբար, եթերային դաշտում էլ չի երևում, փորձում է այդկերպ վարվելով՝ հանրությանը ցույց տա իր գոյության մասին։ Ունենք բազմաթիվ ձայնագրություննր, թե ինչպիսի անպարկեշտ արտահայտություններ է անում մեր հասցեին։ Բազմաթիվ անգամ խնդրել ենք, որպեսզի մեզ հանգիստ թողնի, մենք՝ որպես հայր, չենք ուզում նրան ճանաչենք, իսկ նա ամեն անգամ վատ խոսքերով ալեկոծում է մեր փխրուն հոգիները։ Եթե նա հայր է, ապա օրեր առաջ ասեցի՝ ստուգեմ, թե արդյո՞ք նա կհետաքրքրվի մեր որպիսությամբ։ Զանգահարեցի և ասեցի, որ հայրիկ, արի մեզ այստեղից տար, իսկ նա ոչ մի ռեակցիա չտվեց, այլ ասում ՝էր. «Փախեք, էկեք»։ Ստիպված՝ ասեցի, որ՝ հայրիկ, մեզ առևանգել են, արի փրկի, քանի որ գիտեմ՝ լավ հայրը հաստատ կգար, իսկ նա սկսեց հայհոյանքներ տեղալ։ Երբ նա վերջացրեց քֆուրները, ես ասացի, որ մենք քեզ չենք ճանաչում, մենք ստից ասեցինք, ստուգում էինք քեզ, իսկ դու հայր կոչվելու իրավունք չունես։ Ինչքան մեզանից հեռու լինես, էնքան մեր կյանքը անվտանգ կլինի»։