Երկրի համաչափ զարգացման հարցը երկրի ոչ միայն տնտեսական հարցն է, այլ նաև անվտանգության
«Միամտություն կլինի մտածել, թե Երևանից դուրս բժշկական համակարգը նույնը պետք է լինի։ Հասկանալի է, որ բոլորն իրենց նախընտրական ծրագրերում նման ինչ-որ բան գրելու են։ Կարծում եմ՝ ճիշտ տարանջատում պետք է մտցնել։ Չես կարող ամեն տեղ մասնագիտացված կլինիկաներ ունենալ։ Այդ կլինիկաները պետք է լինեն շատ բարձր մակարդակի, և պարտադիր չէ, որ կենտրոնացած լինեն Երևանում։ Բայց ամեն մարզում առնվազն մեկ բարձրակարգ բուժսպասարկման հիմնարկ պետք է լինի։
Չգիտեմ՝ վերջին տարիներին այս հարցին ինչ կարգի ուշադրություն են դարձրել, բայց որոշակի ստանդարտ պետք է լինի, և դրանից իջնելն անթույլատրելի է։ Այդ ստանդարտից իջնելը կնշանակի, որ դու այլ աչքով ես նայում, օրինակ՝ Աշոցքի բնակչությանը, քան մայրաքաղաքի բնակիչներին։ Սա այն դեպքը չէ, որ ֆանտաստիկ գումարներ պահանջվեն։ Սա հնարավոր է անել։ Ինձ թվում էր, որ մենք այս խնդիրն արդեն հաղթահարել ենք, որովհետև լայնածավալ տարբեր ծրագրերով աշխատանքներ կատարվել են։ Հետո այդ ամենը կանգնեց, և ամեն ինչը մնաց կենտրոնացած Երևանում։
Ընդհանրապես, երկրի համաչափ զարգացման հարցը երկրի ոչ միայն տնտեսական հարցն է, այլ նաև անվտանգության։ Եթե այսպես շարունակենք, կունենանք դատարկված գյուղեր, հատկապես սահմանամերձ տարածքներում։ Պետք է մտածել կլաստերների մասին։ Բժշկության ոլորտում կլաստերային մոտեցումը կարող է շատ արդյունավետ լինել։
Ժամանակին Գյումրիում շատ մեծ ծավալների շինարարություն ենք կատարել։ Կարող ենք կրկնել։ Եթե գյումրեցիները ուզում են կրկնենք, թող ճիշտ կողմնորոշվեն։ Գյումրիում իրականացվող շինարարությունը ոչ միայն «Լինսի» հիմնադրամի միջոցներով էր, նաև բյուջեի, Հանթսմանի անձնական կապերի հաշվին մի թաղամաս կառուցվեց։ Նաև առաջին անգամ USAID -ի հետ ծրագիր ենք իրականացրել` աղետի գոտում բնակարանների գնման սերտիֆիկատ տրամադրելով։ Առաջին տրանշը 15 մլն դոլար էր, հետո ավելացավ։ Ի դեպ, այդ սերտիֆիկատների ծրագիրը թույլ տվեց, որ անշարժ գույքի շուկայում գների անկում չլինի։ Մի կողմից մեծ ծավալների շինարարությունը բերում է առաջարկի և պահանջարկի որոշակի խաթարման, բայց սերտիֆիկատների տրամադրման ծրագրով մենք հարթել ենք այդ խնդիրը»։