Իսկ Երեւանին մեծ ավտոբուսներ պետք չեն
Խորհրդային իշխանության վերջին տարիներին վերջապես հասկացան, որ Երեւանում չի կարելի գործարկել ծոշոր ավտոբուսներ, քանի որ քաղաքի տարբեր հատվածների միջեւ բարձրությունը խիստ տարբեր է, եւ արտանետումներն էլ դրանից ավելի շատանում եւ վնասակար են դառնում:
Այն ժամանակ որոշում կայացվեց զարկ տալ էլեկտրատրանսպորտի զարգացմանը: Ի դեպ, հենց այդ էլեկտրատրասպորտն էլ 90-ականների պատերազմական տարիներին փրկեց Երեւանի երթեւեկությունը վերջնական կաթվածահարումից:
Հետո եղան «լավ տղերքը» գործի դրեցին անորակ միկրոավտոբուսները, շարքից դուրս եկան մեծ ավտոբուսները, տրոլեյբուսները գրեթե անհետացան, տրամվայը վերացվեց, մետրոպոլիտենը զարգացում չստացավ, անգամ եղավ պահ, երբ ցանկանում էին փակել եւ կայարանները վերածել ժամանցի եւ զվարճանքի օբյեկտների:
Հիմա խոսում են տրասպորտի վիճակը բարելավելու մասին: Երեւանի քաղաքապետարանից հայտարարում են, թե միկրոավտոբուսները բացառվում են, եւ որ դրանց փոխարեն օգտագործվելու են միջին եւ մեծ ավտոբուսները: Տրամվայը վերականգնելու մտադրություն չունեն, իսկ տրոլեյբուսների թիվը մտադիր են շատացնել: Ի դեպ, սա դեռ մտադրություն է:
Եւ քանի դեռ գործը մտադրությունների մակարդակի վրա է, շեշտենք, որ Երեւանում պետք է բացառվեն ոչ թե միկրոավտոբուսները, այլ մեծ, խոշոր ավտոբուսները, եւ իհարկե, շարքից դուրս եկած ցանկացած տեսակի մեծ եւ փոքր ավտոբուսները: Եւ հնարավորության դեպքում պետք է շեշտը դրվի էլեկտրատրանսպորտի վրա, բայց քանի դեռ իշխանությունը գծատերերի ձեռքին է, այս մասին խոսելը մի տեսակ պարապ ժամանակի խաղալիք է դառնում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am