Վրաստանի նախագահն առաջարկել է ատելության խոսքի արգելք սահմանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է երկրում «մորատորիում հայտարարել ատելության խոսքի նկատմամբ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Կարծում եմ, որ եկել է ատելության խոսքի եւ վիրավորանքների նկատմամբ մորատորիում հայտարարելու ժամանակը: Եթե դրանից զերծ մնանք, ապա երկրում ընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը կփոխվեն: Ըստ այդմ, մենք այլ կերպ կնայենք միմյանց, ապագային»,- ասել է նախագահը:
Զուրաբիշվիլին նախաձեռնությունը ներկայացրել է Վրաստանի անկախության վերականգնման 30-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել այսօր Աթոնելի փողոցում գտնվող նախագահական նստավայրում: Դրան մասնակցում էին քաղաքական գործիչներ եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցել ընդունելությանը՝ անտեսելով նախագահի աշխատակազմի հրավերը:
Ատելության խոսքը կամ ատելության հռետորաբանությունը հակառակորդների, կրոնական, ազգային, մշակութային արժեքների այլ համակարգի կրողների եւ այլ նշանների հասցեին կտրուկ բացասական վերաբերմունք արտահայտելու միջոց է:
Զուրաբիշվիլին շեշտել է, որ մորատորիումն իր պահանջը չէ, այլ՝ «ամբողջ հասարակության ցանկությունը»: Նա վստահ է, որ թշնամական վերաբերմունքի հեռարձակման պաշտոնական արգելքը կամրապնդի վրացական ողջ հասարակությունն ու հավատը երկրի պայծառ ապագայի նկատմամբ:
Հարկ է նշել, որ Վրաստանի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Զուրաբիշվիլին ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում զրպարտությունն ու վիրավորանքն արգելող օրենք ընդունելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: Խորհրդարանական մեծամասնության որոշ անդամներին այս գաղափարը դուր էր եկել: Մինչդեռ, որոշ հեղինակավոր հասարակական կազմակերպություններ նախագահի նախաձեռնությունը գրաքննություն հաստատելու փորձ էին համարել: ԶԼՄ-ներում զրպարտության եւ վիրավորանքների հնարավոր արգելքի մասին խոսակցությունները դրանով ավարտվել էին: