Հրայր Հովնանյանը անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա Հրայր Հովնանյանի մահվան մասին:
Նա մեկն էր երբեւէ իմ ճանաչած հայրենանվեր հայորդիներից, ով Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում, որտեղ դրա կարիքը եղել է՝ պաշտպանության, անվտանգության խնդիրներից սկսած մինչեւ աղետի գոտու վերականգնում եւ համազգային կարեւորության բազմաթիվ այլ խնդիրներ:
Հրայր Հովնանյանը նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքում ամուր կանգնած մեր ազգային գործիչներից էր, ով ծանրակշիռ դեր է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքներում:
Հրայր Հովնանյանի եւ իր լուսահոգի տիկնոջ՝ Աննա Հովնանյանի բարերարությամբ Հայաստանում եւ Արցախում իրականացված հարյուրավոր ծրագրեր այլեւս նրանց կենսագրության կարեւորագույն էջերից են:
Հայ ժողովուրդը, վստահ եմ, արժանվույնս կգնահատի իր նվիրյալ զավակի գործունեությունը, եւ Հրայր Հովնանյանի հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։
Խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Հրայր Հովնանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին եւ գործընկերներին:
Աստված թող լուսավորի Հրայրի ազնիվ հոգին եւ սփոփանք ու մխիթարություն պարգեւի նրա կորուստը սգացողներին:
Հրայր Հովնանյանի բարի գործերը, վստահաբար, բարեխոս կլինեն եւ նրա առաքինի կյանքի լավագույն վկայությունները կդառնան երկնային կյանքում:
Հանգչի՛ր խաղաղությամբ»: