Փաշինյանի կուսակցության պատգամավորները «հարձակվեցին» Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի վրա
Հայաստանի խորհրդարանը իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների պատճառով դեռ երեկվանից փաստացի չի կարողանում սկսել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտության հարցի քննարկումը:
Այս պաշտոնի երկու թեկնածու (պետք է ընտրվի միայն մեկը) երեկվանից սպասում են իրենց հերթին խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալու եւ այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար, սակայն նրանց բոլոր հույսերը հօդս են ցնդում «Իմ քայլը» իշխող դաշինքի հերթական պատգամավորի հերթական նույնատիպ հարցից հետո:
Բանն այն է, որ արդեն երկու օր է, ինչ խորհրդարանում իշխող մեծամասնության ներկայացուցիչները ջանասիրաբար ու համառորեն «հարցաքննում» են Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Որպես կանոն, նրան ուղղված հարցը միայն մեկն է եւ կապված է Վարդազարյանի կողմից աշնանն արված հայտարարությանը, երբ նա դիմել էր իր գործընկերներին` դատավորներին: Ըստ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի` այս տարվա հոկտեմբերի 15-ին նա դիմել էր դատավորներին` կոչ անելով չխառնվել որեւէ քաղաքական գործընթացի եւ զսպվածություն ցուցաբերել: Սակայն իշխող դաշինքի պատգամավորներն այլ կերպ են մտածում: Նրանք ինչ-որ կերպ գործող իշխանության դեմ «ընդվզման» կոչ են նկատել նրա հայտարարության մեջ:
Վարդազարյանը մարտի 3-ին առավոտից մեկ ժամից ավել փորձում էր պաշտպանել իր դիրքերը: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհները խորհրդարանում մեկը մյուսի հետեւից շարունակում էին դիմել նրան նույն տիպի հարցերով` պահանջելով պարզաբանել իր նախկին հայտարարությունն այն մասին, որ եկել է ժամանակը ցույց տալու` կան երկրում «վնգստացող» դատավորներ, թե ոչ: Դրանից հետո դատավորները մինչ օրս, հազվադեպ բացառություններով, հրաժարվում են ընդդիմադիրների ձերբակալման օրդեր տալուց: ԲԴԽ-ի նախագահը համբերատար պատասխանում էր բոլոր հարցերին` անընդհատ հիշեցնելով, որ արդեն պատասխանել է դրանց: Բանը հասավ նրան, որ Վարդազարյանին փաստացի սպառնում էին, նրա հասցեին մեղադրանքներ ու նույնիսկ վիրավորանքներ էին թափվում: Դրանում, մասնավորապես, առանձնացավ «անկախ» (իրականում իշխանամետ) պատգամավոր Արման Բաբաջանյանը: Այնուամենայնիվ, Վարդազարյանն այստեղ նույնպես նախանձելի սառնասրտություն եւ զսպվածություն ցուցաբերեց:
ԲԴԽ-ի ղեկավարը նշեց, որ խորհրդարան է եկել Ազգային ժողովին թեկնածուներ ներկայացնելու համար եւ ընդհանրապես չի պատրաստվել նման բուռն քննարկման, հատկապես` Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի պաշտոնում իր գործունեության վերաբերյալ: Սակայն պատգամավորներն անդրդվելի էին եւ ամեն առիթով Վարդազարյանին թող հասկացնում էին, որ ուրախ չեն նրան խորհրդարանում եւ սպասում են վերջինիս առաջիկա հրաժարականին զբաղեցրած պաշտոնից:
Այդ բոլոր քննարկումներն աստիճանաբար սկսեցին հոգնեցնել նույնիսկ պատգամավորներին: Այդպես, անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տեղից միջամտեց՝ ասելով, որ քիչ է մնում հարցնեն՝ ինչո՞ւ է աղմկում գետը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի և մնացածի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»։
Նշենք՝ ավելի վաղ «Իմ քայլից» Արթուր Հովհաննիսյանը ԲԴԽ նախագահից հետաքրքրվել էր, թե «էլ ինչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք, որ Ձեր նոյեմբերի 15–ին արված հայտարարությունը քաղաքական էր»։ Ի պատասխան ԲԴԽ նախագահն ասել էր, որ ԲԴԽ–ն, ԲԴԽ–ի նախագահը եւ դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ–ին, հետեւաբար ինքը պարտավորություն չունի պատասխանել քաղաքական բնույթի հարցերին։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նոյեմբերի 15–ին հայտարարությամբ էր հանդես եկել, որում նաեւ ասվում էր. «Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Հիշեցնենք նաեւ, որ «վնգստացող դատավորներ» որակումը 2019թ.–ի մայիսին տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։