Զարիֆ. ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն եւ արդյունավետորեն վերացնի բոլոր պատժամիջոցները
ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն եւ արդյունավետորեն վերացնի Թրամփի վարչակազմի կողմից 2231 բանաձեւի շրջանակներում վերահաստատված բոլոր պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը` մեկնաբանելով ԱՄՆ-ի` «հակադարձ մեխանիզմի» ակտիվացումից հրաժարվելու եւ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերսկսման մասին որոշումը, փոխանցում Mehr-ը:
«ԱՄՆ-ն խոստովանել է, որ Մայք Պոմպեոյի (նախկին պետքարտուղար) պահանջները 2231 բանաձեւի շրջանակներում իրավական ուժ չունեն: Մենք համաձայն ենք դրա հետ. ԱՄՆ-ն անվերապահորեն եւ արդյունավետորեն վերացնում է Թրամփի կողմից սահմանված, վերահաստատված կամ փոփոխված բոլոր պատժամիջոցները, եւ մենք անմիջապես կվերացնենք բոլոր պատասխան միջոցները»,- շեշտել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հետ էր կանչել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու մասին հայտարարությունը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եվրոպացի դաշնակիցներին հայտարարել էր, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ` երկու երկրներին էլ 2015 թվականի համաձայնագրին վերադարձնելու համար: