Հայտնաբերվել են օրգանիզմներ, որոնք կարող են գոյատևել Մարսի վրա
Գերմանիայում գործող Բրեմենի համալսարանի գիտնականները գտել են միկրոօրգանիզմներ, որոնք կարող են աճել և զարգանալ Մարսի մթնոլորտում, հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Microbiology ամսագրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է գիտական աշխատությունում, ցիանոբակտերիաների կամ կապտականաչ ջրիմուռների հիման վրա հնարավոր է ստեղծել կենսապահովման համակարգեր այն մարդկանց համար, որոնք կապրեն Մարսի վրա:
Գիտնականները պարզել են, որ ցիանոբակտերիաները կարող են պահպանել կենսունակությունը, որպես ածխածնի և թթվածնի աղբյուր օգտագործելով Մարսի մթնոլորտի գազերը՝ հակառակ ցածր ճնշմանը: Կապույտ-կանաչ ջրիմուռները բազմանում են ջրի մեջ՝ Մարսի փոշու հետ համակցված, ինչը հնարավորություն է տալիս դրանք՝ այլ կենդանի օրգանիզմների համար որպես սնունդ օգտագործել: Բացի այդ, ցիանոբակտերիաները ֆոտոսինթեզի արդյունքում նաև թթվածին են արտադրում։
Փորձի համար գիտնականները մշակել են Atmos կենսառեակտոր, որը Մարսի պայմաններին մոտ պայմաններ է ապահովում: Թիմն ընտրել է ազոտը ֆիքսող ցիանոբակտերիաների Anabaena sp PCC 7938 տեսակը, որն, ըստ նախնական արդյունքների, ամենայն հավանականությամբ պիտանի է «մարսյան» պայմանների համար: Չնայած մանրէներն ավելի լավ են աճում սննդարար միջավայրերում, սակայն հետազոտողները աճ են նկատել նաև մարսյան միջավայրում: Փորձարկումից հետո գիտնականները չորացրել են ցիանոբակտերիաները և հաջողությամբ օգտագործել դրանք որպես հիմք՝ E. coli W. հետերոտրոֆ մանրէի աճեցման համար:
Հետազոտողները ենթադրում էին, որ Մարսի մթնոլորտի գազերը` Երկրի մթնոլորտային ճնշման մոտ 10 տոկոսին հավասար ճնշման ներքո հարմար կլինեն ցիանոբակտերիաների վրա հիմնված կենսաապահովման համակարգերի համար նախատեսված ֆոտոբիոռեակտորային մոդուլների համար, իսկ գիտնականների հայտնագործությունն էապես կբարելավի այդ համակարգերը: