Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համոզված է, որ ծառայում է դավաճանական իշխանություններին. Պետրոսյան
Դատական նիստի ժամանակ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ցույց տվեց իր համոզվածությունը, որ Շուշին հանձնել են եւ վիրավորված էր իրեն ուղղված մեղադրանքից: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ հավելելով, թե Բաղդասարյանը համոզված է, որ ծառայում է դավաճանական իշխանություններին:
Նրա խոսքով՝ դրանում համոզված է ոչ միայն նա, այլ նաեւ շատ ուրիշ իրավապահներ:
Նա նշեց, որ դատական նիստի ժամանակ նման պահվածքն անթույլատրելի է, կողմերը պետք է զսպվածություն դրսեւորեն:
«Այս միջադեպի հետ կապված Բաղդասարյանի դեմ պետք է հարուցվի կարգապահական վարույթ: Ի տարբերություն դատախազի էմոցիոնալ հայտարարության, Քոչարյանի ելույթը հավասարակշռված էր: Ինչ վերաբերում է Քոչարյանին եւ մյուսներին մեղադրանքներ առաջադրելու որոշմանը, ապա այն, ըստ էության, հիմնված է քաղաքական հայտարարությունների, այլ ոչ թե փաստորի համադրության վրա, ինչն անթույլատրելի է: Բաղդասարյանի պահվածքը վկայում է այն մասին, որ Շուշին հանձնելու փաստը բոլորի համար ակնհայտ է, եւ երեկ Փաշինյանն իր հայտարարություններով, ըստ էության, քաղաքից ընդմիշտ հրաժարվեց»,- շեշտեց Պետրոսյանը:
Նա հավելեց, որ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը կարող է հանգեցնել է՛լ ավելի մեծ կորուստների, օրինակ՝ Իրանի եւ Վրաստանի հետ կապված, իսկ Սյունիքով միջանցքի կառուցումից հետո կկորցվի նաեւ Ղարաբաղի այն 30 տոկոսը, որը դեռ մնացել է, ուստի նրանք, ովքեր սպասարկում են Փաշինյանի շահերը եւ կատարում նրա հանձնարարությունները, դառնում են հանցագործության մասնակից:
«Քրեական գործերի հարուցում անհնար է, մինչեւ չփոխվի իշխանաությունը, որի ներկայացուցիչներն անպատիժ ծեծում են քննիչի եւ այլ արարքներ կատարում»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ բանավոր վիրավորանքների ձեւով միջադեպ տեղի ունեցավ դատախազ Գեւորգ Բաղդասարյանի եւ պաշտպանական կողմի միջեւ: Վեճը ծագեց Շուշին հանձնելու հիշատակման պատճառով: