Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմը չի կասեցվում. ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը՝ իր հրաժարականի մասին
ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ներկայացրել է իր հրաժարականի պատճառները: Նա, նախ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քարամյանի նշանակմանը, նշել է, որ թեև Քարամյանը երիտասարդ տարիքում նշանակվեց ԱԱԾ պետ, սակայն նա Դատախազությունում ուներ երկար տարիների փորձ:
«Ես չէի ուզենա տարիքով պայմանավորված գնահատեիք աշխատանքը, այլ արդյունքներով պայմանավորված: Քարամյանին ես համարում եմ քաղաքական թիմի մարդ, և ենթադրում եմ, որ վարչապետը հենց այդ սկզբունքով էր նշանակել նրան: Սեպտեմբեր 30-ին հրավիրվել եմ ԱԱԾ տնօրեն՝ Քարամյանի մոտ, ինձ տեղեկացվել է, որ մեկնում են Արցախ և առաջարկվել է ծառայության ղեկավարումը կատարեմ ես, հոկտեմբերի 8-ին ինձ համար անակնկալ տեղեկացա վարչապետից, որ Քարամյանն ազատվել է և ես նշանակվում եմ ժամանակավոր պաշտոնակատար»,- ասել է նա և նշել, որ իրեն հանձնարարվել է ռազմական հակահետազոտության պետին ազատել աշխատանքից:
Միքայել Համբարձումյանը նշել է, որ անակնկալ կերպով ինքն է ներկայացրել հրաժարական, սակայն հարցը մնացել է առկախված մինչև նոյեմբերի 8-ը:
Խոսելով իր հրաժարականի պատճառներից՝ նա ասել է, որ իշխանափոխությունից հետո նկատել է, որ Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ կա վստահության պակաս և վարչապետի հետ աշխատելուց հետո այդ համոզմունքը ամրապնդվել է:
«Երկրորդ պատճառն այն էր, որ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմը չի կասեցվում, երբ ներկայացնում ենք վարչապետին կորուստների, հեռանկարի մասին, ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում և ինչ նպատակ էր դա հետապնդում»,-ասել է նա: