Մեր երկրում իշխում է տարօրինակ անտարբերությունը
Այս էլ որերորդ անգամ զինվորն ինքնասպան է լինում, իսկ հասարակությունն անտարբեր է: Այս էլ որերորդ անգամ գազալցակայանում պայթյուն է, իսկ հասարակությունն անտարբեր է: Այնպիսի տպավորություն է, կարծես դեպքերը տեղի են ունեցել Ֆիլիպիններում կամ Բելիզում:
Մենք անտարբեր ենք նաեւ տեղի ունեցող ողբերգական ավտովթարների նկատմամբ: Հերթական անգամ վթար, որի հետեւանքով կան զոհեր: Մենք կրկին անտարբեր ենք, կարծես մենք չենք երթեւեկում նույն ճանապարհներով եւ նույն տրանսպորտային միջոցներով:
Իսկ երբ հասարակությունն անտարբեր է, իշխանությունները բթանում են եւ որեւէ քայլ չեն անում իրավիճակը շտկելու համար:
Մենք մեր բանակը սիրում ենք կենացների մակարդակով եւ ոչինչ չենք անում, որ այնտեղ կարգապահությունը հասնի անհրաժեշտ մակարդակի: Լսած կլինեք, որ ասում են՝ ծեծը տղամարդու համար է: Ասում են եւ լուրջ ուշադրություն չեն դարձնում իշխող բարքերին: Մենք մեր քաղաքացիական բարձր գիտակցմամբ պետք է օգնենք Վիգեն Սարգսյանին, իսկ անտարբերությամբ նրան միայն խանգարում ենք:
Մենք մեր անտարբերությամբ չենք նպաստում, որ ավտոճանապարհներին կարգ ու կանոն հաստատվի: Ավելին, հարբած վիճակում ավտոմեքենա վարելը խրախուսվում է ընկերների, անգամ ընտանիքի անդամների կողմից: Պրիմիտիվիզմն այն աստիճան է հասել, որ շատերին թվում է, որ եթե թանկարժեք ավտոմեքենա են վարում, ապա իրենց կյանքին վտանգ չի սպառնում:
Մենք անտարբեր ենք տարածում գտած ծեծուջարդերի նկատմամբ: Ավելի ճիշտ սկսել ենք սովորական համարել, որ մի հրոսակախումբ կարող է ծեծի ենթարկել ինչ որ մեկին:
Այսպես շարունակելու դեպքում մենք մեզ մոտ կհրավիրենք քաոսն ու ամենաթողությունը, որի հետեւանքները շատ ու շատ ծանր են լինելու:
Top-News.am