Երուսաղեմը «կարմիր գիծ» է, որը չի կարելի հատել. Արաբական պետությունների լիգան՝ Իսրայելին
Երուսաղեմը «կարմիր գիծ» է, որը չի կարելի հատել: Այդ մասին կիրակի հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը, հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքերով՝ «Երուսաղեմը արաբների ընկալմամբ «կարմիր գիծ» է, որը չի կարելի հատել, և ո՛չ արաբները, ո՛չ մահմեդականները չեն կարողանա ընդունել դրա դեմ ոտնձգությունը»: Աբու ալ-Գեյթը նախազգուշացրել է Իսրայելին, որ բռնություն կիրառելով այդ քաղաքում պաղեստինցիների դեմ՝ նա «խաղում է կրակի հետ և ձգտում է արաբական երկրների և ողջ իսլամական աշխարհի հետ լուրջ հակամարտություն հրահրել»:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքերով՝ իսրայելական իշխանությունների գործողությունները «սուրբ քաղաքի նոր կարգավիճակ սահմանելու փորձ են»: Նրա կարծիքով՝ «այդ գործողություններն ուղղված են ոչ միայն պաղեստինցիների դեմ, դրանք խորապես վիրավորում են բոլոր արաբների և մահմեդականների զգացմունքները:
Երուսաղեմի իրավիճակի քննարկման համար հրավիրված Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում և Արևմտյան ափին իրավիճակը լարվել է տաճարի տարածքից իրականացված երեք իսրայելաբնակ արաբների հարձակումից հետո, որի հետևանքով երկու իսրայելցի ոստիկան է զոհվել: Հարձակումից հետո իսրայելական իշխանությունները մետաղական դետեկտորներ են տեղադրել Երուսաղեմի հին քաղաքի ամենակարևոր կրոնական սրբավայրերից մեկի՝ Տաճարի լեռան վրա:
Արաբները զանգվածային աղոթքներ են կազմակերպել Երուսաղեմի փողոցներում՝ հրաժարվելով Տաճարի լեռան մզկիթների մոտ բարձրանալ անվտանգության նկատառումներով տեղադրված մետաղական դետեկտորների միջով, և որոշ հատվածներում բախումներ են սկսվել Իսրայելի ոստիկանության հետ:
Առնվազն չորս պաղեստինցի է սպանվել, ավելի քան հարյուրը վիրավորվել է իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Իսրայելի երեք քաղաքացի է սպանվել Արևմտյան ափի Հալամիշ բնակավայրում պաղեստինցու կողմից իրականացված հարձակման հետևանքով, ով խոստովանել է, որ դա արել է Տաճարի լեռան շուրջ ստեղծված իրադարձություններից դրդված:
Ուրբաթ մետաղական դետեկտորների տեղադրման դեմ ցույցեր են կազմակերպվել նաև Գազայում, որտեղ մի քանի մարդ է վիրավորվել Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով: