Թուրքիայի քրդական կուսակցությունը դատապարտել է Իսրայելի որոշումը
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը Իսրայելի կողմից Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող մզկիթ տանող ճանապարհին մետաղորսիչ սարքեր տեղադրելու եւ այցելությունների սահմանափակման հետ կապված հայտարարություն է տարածել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ HDP-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ քրդական կուսակցությունը լինելով Թուրքիայում հրեա համայնքի պաշտպաններից, միաժամանակ չի կարող հանդուրժել մուսուլմանական սրբավայրեր այցելելու իսրայելական իշխանությունների սահմանափակումները։
Հայտարարության մեջ նշվել է, որ HDP-ն դատապարտում է իսրայելական իշխանությունների որոշումը եւ կոչ անում անհապաղ փոխել կայացված որոշումը, քանի որ Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսայի մզկիթը ոչ միայն պաղեստինցիների, այլ ամբողջ աշխարհի մուսուլմանների համար է սրբավայր։